«Բնական է, որ այս դաշինքը չի կարող արժանանալ ոչ իշխանությունների, ոչ էլ մեր հյուսիսային դաշնակիցների սիրուն». Ստյոպա Սաֆարյան
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները համախմբվելով՝ գալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու շանսեր ունեն: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին:
Դեկտեմբերի 12-ին վերոնշյալ երեք կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, իսկ հետագայում կքննարկեն մեկ միասնական կուսակցություն ստեղծելու հարցը:
«Կարևոր և առանցքային զարգացում է, երբ երեք քաղաքական ուժեր, որոնք կողմ են եվրոպական մոդելի երկիր ստեղծելուն, Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելուն ու պահպանելուն, Հայաստանի անվտագության ռեսուրսները դիվերսիֆիկացնելուն, իրավական ու ժողովրդավարական պետություն կառուցելուն, նման քայլ են կատարել»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նա միաժամանակ նշում է, որ դաշինքը դեռևս շատ անելիքներ ունի: Բայց, նկատի ունենալով այն, որ գալիք խորհրդարանական ընտրություններն իրենց կարևորությամբ շատ են տարբերվելու նախկին ընտրություններից, հաշվի առնելով, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացահայտել են թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության սուտը, թե նաև բացել հասարակության աչքերը, այս դաշինքը բավական մեծ շանսեր ունի՝ հաջողություններ արձանագրելու համար:
Սա նաև ընտրապայքարում փոփոխություն է մտցնելու:
«Բնական է, որ այս դաշինքը չի կարող արժանանալ ոչ իշխանությունների, ոչ էլ մեր հյուսիսային դաշնակիցների սիրուն, որովհետև այն չափազանց տեսանելի դնում է Հայաստանի շահը առաջին պլանում:
Հետևաբար, ոչ իշխանությունները, ոչ էլ կախյալ Հայաստանը սիրող արտերկրյա դերակատարները հաստատապես հիացած չեն լինի, և, իհարկե, փորձ կարվի ստեղծել կոնտր դաշինքներ՝ ավելի ռուսական գծի մեջ՝ կրկին փորձելով մեջբերել, այսպես ասած, Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, բայց ավելի շատ իրավիճակը լղոզելու համար: Հետևաբար, հեշտ չի լինելու դաշինքի համար, ծանր աշխատանք է նրանց սպասվում: Բայց մյուս կողմից շանսերը նույնպես մեծ են»,- հավելում է վերլուծաբանը:
Ստյոպա Սաֆարյանը դաշինքով ընտրություններին մասնակցելը ճիշտ է համարում՝ նշելով, որ ընտրական համակարգն այնպես է դարձել, որ մեկ քաղաքական ուժը, այն էլ ոչ իշխանական, դժվար թե կարողանա հաղթահարել շեմերը և լուծել բոլոր խնդիրները: Ինչ վերաբերում է առաջիկայում այլ հնարավոր դաշինքներ ձևավորելուն, վերլուծաբանը ասում է, որ այս պահին գոնե տեսանելի է, որ խնդիր է դրված լուծել ԲՀԿ նախկին առաջնորդ և քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը:
«Մի կողմից խնդիր կա լուծելու Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը, մյուս կողմից էլ զրույցներ կան նրա ներքո ինչ-որ դաշտի ձևավորման, իր անձի ներքո ինչ-որ համախմբման մասին է խոսվում: Թերևս երկրորդ ուրավագծվող միավորումը դա կարելի է համարել: Այլ դաշիքներ դեռևս տեսանելի չեն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես, առանցքային դերակատարներ համարվող պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում: Անդրադառնալով դրան՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ նրանց կենսագրության, այսպես կոչված, տղայական էջն անցավ:
«Իհարկե, սկզբնական շրջանում մտածում էին, որ եթե մյուսը չհաջողի, ապա իրենք են հաջողելու: Բայց ՏԻՄ ընտրությունները ցույց տվեց, որ այդպես չէ կյանքը և քաղաքականությունը: Եվ միգուցե միավորման դեպքում որոշ անհատական մոտեցումներ ու տարբերություններ մի կողմ ես դնում, բայց համենայնդեպս մեծանում են նաև հաղթանակ արձանագրելու շանսերը»,- ասում է Սաֆարյանը:
Նրա խոսով՝ քաղաքական ուժերից յուրաքաչյուրը տարբեր առիթներով համոզվել է, որ հասարակությունը քաղաքական ուժերից հաղթանակ է ուզում, և գեղեցիկ ու խելոք ելույթները դեռևս բավարար չեն հասարակությանն առաջնորդելու համար: Հետևաբար, այս դաշինքն էլ պետք է նպատակ ունենա արդյունք արձանագրել, քանի որ մարդիկ քաղաքականության մեջ ուզում են արդյունքներ տեսնել:
Էմմա Մանուկյան
Աղբյուր՝ medialab.am