Ի՞նչ կապ ունեն Վանաձորի ՀՀԿ-ական չինովնիկները մարզի զարգացման հետ. Էդմոն Մարուքյանը վարչապետի` Վանաձոր երեկվա այցի մասին

20/01/2017

Վանաձորից ընտրված պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «պրիմիտիվ քարոզարշավի ոճ» է որակում վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա այցը Լոռու մարզ՝ ավելի կոնկրետ՝ Վանաձոր, ու հանդիպումը մարզպետարանում՝ այդ թվում՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

«Գալ, մարզում խոսել զարգացման ծրագրերի մասին, մարզի զարգացման ճանապարհների մասին տեղեկություն չունենալ: Երկրորդ՝ հավաքել մարզպետարանում չինովնիկներին ու խոսել մարզի զարգացման մասին, դա էլ աբսուրդի 2-րդ մասն է: Մարզպետարանը ի՞նչ կապ ունի զարգացման հետ, հավաքվածների հիմնական մասը մարզի ՀՀԿ-ական չինովնիկներ էին: Ի՞նչ կապ ունեն զարգացման հետ էդ մարդիկ: Նրանք զարգացման արգելակներն են: ՀՀԿ-ն պետք է իշխանության չլինի, որ ինչ-որ բան զարգանա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Օրինակ՝ Լոռու մարզում կառուցվող Սմարթ կենտրոնի հետ, որը «Հայաստանի երեխաներ» հիմնադրամն է կառուցում, ո՞վ կարող է ասել, ի՞նչ կապ ունի իշխանությունը, ոչ մի, կամ Լոռու մարզպետարանը: Կամ Վանաձորում Թումո կենտրոն են բացում, ինչ կապ ունի էդտեղ մարզպետարանը կամ կառավարությունը, որ իրենց զեկույցներում ներկայացնում են: Մարզը խայտառակ վիճակում է, արտագաղթ, աղքատության ծայրահեղ վիճակ: Ավելի լավ է չանեն նմանատիպ հանդիպումներ: ՀՀԿ-ականներով հավաքվել են, կանեփի յուղի չգիտեմ ինչ են քննարկում: Աբսուրդ է»:

Նշենք նաև, որ Կառավարությունը դեռ չի պատասխանել «Լուսավոր Հայաստանի» ու մյուս երկու կուսակցությունների դիմումին՝ Վանաձորի ավագանու ընտրությունները չեղյալ համարելու պահանջով:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Նախընտրական նյութեր