ՍԴ-ն պետք է անվավեր ճանաչի ՏԻՄ օրենքի դրույթները, այլապես Վանաձորի աբսուրդային վիճակը կլինի Գյումրիում, Երևանում. Է. Մարուքյան

28/04/2017

Եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» դրույթները, որոնք Վանաձորում աբսուրդի հասնող իրավիճակ ու ՏԻՄ ճգնաժամ են ստեղծել, ապա Վանաձորում կրկին քաղաքապետի ընտրություններ կնշանակվեն, ինչը քաղաքի ճգնաժամի դուրս գալու միակ հնարավոր ճանապարհը կլինի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ դիմելու են ՍԴ՝ պահանջով, որ բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչի Վանաձորի քաղաքապետի կողմից ՏԻՄ օրենքին տրված մեկնաբանությունը:

«Կա իրավիճակ, որը հետևյալն է՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական վերածնունդի» ավագանու անդամները բոյկոտում էին ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով հասնել 6-ամսյա ժամկետին , որի արդյունքում դադարելու էին Վանաձորի ավագանու լիազորությունները՝ օրենքի ուժով, իրավունքի ուժով: Եվ սպասելով այդ ժամկետին՝ մանդատագողությամբ քաղաքապետ դարձածը և նրա կողմնակիցները, տեսեք՝ ինչ արեցին: Նրանք նոր ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը մեկնաբանել են հօգուտ իրենց, այդ անորոշությունից օգտվելով՝ նիստեր գումարել 15 հոգանոց կազմով և կայացնել որոշումներ»,-արձանագրեց Էդմոն Մարուքյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ սա ընդդեմ ժողովրդաիշխանության և, առհասարակ, ժողովրդավարության, ներկայացուցչական համակարգի դեմ կատարված գործողություն է, աբսուրդ, որին պետք է գնահատական տրվի:

«Տեսեք՝ աբսուրդն ինչում է կայանում՝ ըստ իրենց մեկնաբանության և օրենքի դրույթի՝ 33 անդամ ունեցող ներկայացուցչական մարմնից 15 հոգի հավաքվում են, և դա համարվում է քվորո՞ւմ: Եվ դրա կեսից ավելիի քվեարկությունները համարվում են որոշումների ընդունում: Սա աբսուրդ է, որովհետև մյուս կողմից, մյուս 15 հոգին կարող են առանձին նիստեր գումարել և որոշումներ կայացնել, որը, բնական է՝ աբսուրդ է: Հիմա Վանաձորում կառավարման ճգնաժամ է առաջացել, որն աննախադեպ է: Հայաստանում նման բան երբևէ չի եղել»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, որ եթե անգամ Սահմանադրական դատարանն իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, նա հրաժարական չի տա:

«Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ-ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,-ասել էր Մամիկոն Ասլանյանը:

Ամեն դեպքում, էդմոն Մարուքյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանը օրենքը հակասահմանադրական է ճանաչելու, իսկ դա նշանակում է, որ դրանից կբխի, որ Վանաձորի ավագանու բոլոր նիստերը ապօրինի են, այսինքն՝ կպարզվի, որ մինչ օրս Վանաձորում նիստեր տեղի չեն ունեցել, ինչն էլ նշանակում է, որ օրենքի ուժով կդադարի Վանաձորի ավագանու լիազորությունները և կնշանակվեն նոր ընտրություններ:

«Սա է ողջ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր միակ տարբերակը, որին էլ Լուսավոր Հայաստանը գնում է»,-ասաց նա։

Դիմումը պատրաստ լինելուց հետո հայցվոր կողմին անհրաժեշտ է լինելու համապատասխան թվով պատգամավորական ստորագրություններ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար: Այս իրավիճակում երեք կուսակցությունները ստորագրություններ ստանալու համար կարող են դիմել և՛ գործող, և՛ 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներին:

Հիշեցնենք, որ քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ապրիլի 2-ի ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով, ու քանի դեռ չկար բարձր դատարանի որոշումը, 5-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է համարվել գործող:

Էդմոն Մարուքյանը չթաքցրեց, որ իր «վերջին օրերն ապրող» այս խորհրդարանի պատգամավորներից դժվար է ստորագրություններ ստանալ, քանի որ մի մասը չի վերընտրվել, մի մասի հետ էլ Էդմոն Մարուքյանը չի կարողանում կապ հաստատել:

Եթե 5-րդ գումարման պատգամավորների հետ չհաջողվի կապվել, պատրա՞ստ է ԼՀ-ն նոր խորհրդարանում ներկայացված ուժերից ստանալ անհրաժեշտ թվով ստորագրություններ: Ի պատասխան այս հարցի՝ Էդմոն Մարուքյանը նկատեց. «Մենք առաջարկելու ենք մեր գործընկերներին, օրինակ՝ ԲՀԿ-ին, որը նույնպես մեր հետ միասին բոյկոտում է ավագանու նիստերը, միանա ՍԴ դիմելու հայցին և միասին վիճարկենք»,-ավելացրեց Էդմոն Մարուքյանը:

Իսկ ինչ կլինի, եթե, այնուամենայնիվ, ՍԴ-ն մերժի հայցը, ո՞րն է լինելու երեք քաղաքական ուժերի «բ» պլանը: Ի պատասխան՝ ԼՀ նախագահն ասաց. «Եթե դա չեղավ, ուրեմն այլ տարբերակ չի մնում… Ուրեմն՝ որևէ օրենք Հայաստանում չի գործում: Չգիտեմ՝ կքննարկենք, ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել: Ամեն դեպքում, մենք մասնագետների հետ խոսում ենք, բոլորը միաբերան ասում են՝ աբսուրդ է, չի կարող նման բան լինել»։

Ավելին՝ Էդմոն Մարուքյանը համոզված է, որ եթե Վանաձորի նախադեպը տեղ գտնի, ապա նույն բանը հնարավոր կլինի անել Գյումրիում և Երևանում, իսկ Երևանի դեպքում նման ճգնաժամը, ակնհայտ է, թե ինչ հետևանքներով է հղի:

Անուշ Դաշտենց

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ