Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Զառան ստում է, ինձ շանտաժ են անում»
«Դո՛ւք, այսպես կոչված անկա՛խ պատգամավոր»,-այսօր ԱԺ-ում պետական-իրավական հանձնաժողովի նիստին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսպես դիմեց անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանին:
Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր ուժերն իրեն շանտաժ են անում եւ շանտաժի միջոցով ուզում են իր անկախ, անկաշկանդ գործունեությունը ճնշել. «Դա իրենց մոտ չի ստացվի, որովհետեւ կոնկրետ իմ քվեարկությունները կարող են համընկնել մեծամասնության հետ, կարող են համընկնել ընդդիմության հետ: Կարող են չհամընկնել նրանցից որեւէ մեկի դիրքորոշման հետ, որը եղել է Օսկանյանի հարցի պարագայում: Հիմա շանտաժային մեթոդներով փորձել այնպես անել, որ ես կողմ խոսեմ իրենց բարձրացված հարցի մասին, դա պրիմիտիվ միջոց է»:
Զարուհի Փոստանջյանը մեծամասնական ընտրակարգին դեմ արտահայտվելիս նաեւ ասել էր, որ Էդմոն Մարուքյանը, ճիշտ է, օլիգարխ չէ, բայց ինչ-ինչ պայմանավորվածությունների շնորհիվ է հայտվել խորհրդարանում:
Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ «Զառան անձամբ գիտի, որ իր ասածը սուտ է: Այսինքն՝ ստելով, սուտ բան ասելով նիստի ժամանակ չի կարող սեւացնել թիվ 30 ընտրատարածքի ընտրողների կամքը, չի կարող նսեմացնել այդ հաղթանակը: Ես նաեւ հասկանում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները վատ վիճակի մեջ են ընկել այդ ընտրությունների արդյունքում, որովհետեւ այն հիմնական փաստարկը, որ իրենք ունեին, թե մեծամասական ընտրակարգով բացառապես միայն օլիգարխներ են անցնում, հիմա չունեն: Թող ասեն, որ ուզում են կուսակցությունները կայանան, դրա համար ուզում են միայն համամասական, բայց թող չասեն՝ անցնում են միայն հանցագործներ, խուլիգաններ, օլիգարխներ, կրիմինալներ, փողատերեր: Ասում են ու ինձ են նայում: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս առումով իմ ընտրողների կամքը որեւէ կերպ նսեմացվի: Ես իմ ընտրողներին ճանաչում եմ, իրենք իրենց ընտրողներին ճանաչո՞ւմ են: Ես իմ ընտրողների հետ անընդհատ հանդիպում եմ, ինձ անընդհատ դիմում են, իսկ կուսակցություններ կան, որ մարզերում գրասենյակներ չունեն: Անունը գրասենյակ է, վրան լոգոն կպցրած է, բայց մարդ չկա, որին կարող են դիմել: Այնպես որ…այն, որ ասում են՝ բերանս մի բաց արեք…այդ դեպքն է: Հանգիստ մնացեք, էլի: Ես անգիր գիտեմ ե՛ւ իշխանության թույլ տեղերը, նաեւ այն խոսացողների: Զարուհին ինձ դիմում է ու ասում է՝ այ, դուք, այսպես կոչված անկախ պատգամավոր: Հիմա ես էլ իրենց դիմեմ ու ասեմ՝ այ դուք, այսպես կոչված ընդդիմադիր պատգամավորնե՞ր: Կան ընդդիմադիրների մեջ նաեւ այսպես կոչված ընդդիմադիրներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուրը` http://www.aravot.am/
Բաժին: Մամուլ