ՍԴ-ն կայացրած լավ որոշումներ ունի, և ակնկալում ենք, որ դիմումն ամբողջությամբ բավարարվի

11/06/2017

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

– Պարոն Մարուքյան, «Ելքը» և «Ծառուկյան» դաշինքը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Վանաձորում անցկացվող ավագանու նիստերի օրինականությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով նախկինում կայացրած որոշումների փորձը։

– Մենք ակնկալում ենք, որ դիմումն ամբողջությամբ պետք է բավարարվի։ Դատարանն ունի նաև լավ որոշումներ՝ չեմ մոռացել Կուտակային կենսաթոշակների մասով որոշումը, սոցիալական քարտերի հետ կապված որոշումը։ Դատարանն ունի հնարավորություն լավ որոշում կայացնելու։ Ես այն կարծիքին չեմ, որ անհնար է, բայց դատարանը լավ որոշումներ միշտ կայացրել է փաստերի ճնշման ներքո։ Որքան ուժեղ լինեն փաստերը, այնքան ավելի հեշտ կլինի ակնկալել այնպիսի որոշում, որը իրավիճակ կփոխի։ Տվյալ պարագայում սույն գործով փաստերը անհերքելի են, անհնար է դրանք մի կողմ դնել ու քննարկման առարկա չդարձնել։

– Մամիկոն Ասլանյանը հղում է անում ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածին և ասում, որ նիստերն իրավազոր են հենց այդ դրույթին համապատասխան։

– Մենք ասում ենք, որ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը, և ասում, որ այդ դրույթն իր մեկնաբանությամբ սխալ է։ Միայն իրենք են այդպես մեկնաբանել, ու առաջին անգամ կիրառվում է Վանաձորում։ Մենք չենք ուզում, որ դա դառնա պրակտիկա ու վաղը մյուս օրը այդ մեկնաբանությամբ կիրառվի նաև Գյումրիում կամ Երևանում։

– ՍԴ դիմելու մասով համաձայնության եք եկել «Ծառուկյան» դաշինքի հետ. սա կարո՞ղ է խորհրդարանում ընդդիմության համագործակցության նախադեպ լինել։

– «Ծառուկյան» դաշինքն ինչ-որ իմաստով շարունակում է ԲՀԿ-ին։ Մենք տեղական մասով համաձայնություն ունենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իրենք ևս մինչ այսօր շարունակում են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը՝ բնականաբար, ես ակնկալում էի, և այդպես էլ եղավ, ԲՀԿ-ն աջակցեց դիմումը ՍԴ ներկայացնելու գործին։ Մենք հավաքել ենք ավելի շատ ստորագրություն, քան պետք էր։

Մենք ի սկզբանե ասել ենք, որ խորհրդարան գալուց հետո պատրաստ ենք համագորածցել, եթե վաղը-մյուս օր որոշենք «Քննիչ հանձնաժողով» ստեղծել խորհրդարանում՝ էլի «Ծառուկյան» դաշինքի անդամների ստորագրություններն են անհրաժեշտ լինելու։

– ՍԴ որոշումից կախվա՞ծ է լինելու արդյոք Վանաձորում բոյկոտի շարունակությունը։

– Միանշանակ, այո՛, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կունենանք իրավիճակ և կգործենք ըստ այդ իրավիճակի։

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ