ԵՏՄ վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության մշտական գործող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի օրեր առաջ ՌԴ-ում ուժի մեջ մտած օրենքի սահմանափակմանը, որի համաձայն՝ այլ երկրների վարորդական իրավունքով այսուհետ հնարավոր չի լինի աշխատել ՌԴ տարածքում։ Այսպիսով հազարավոր ՀՀ քաղաքացիները հայկական վարորդական իրավունքով չեն կարող աշխատել տարատեսակ ծառայություններ մատուցող ընկերություններում։
Նախ նշեցի, որ օրենքը չպետք է տարածվեր, բայց տարածվում է նաև Եվրասիական միության անդամ պետությունների քաղաքացիների վրա և հակասում է Եվրասիական միության համաձայնագրին, որով աշխատուժի ազատ տեղաշարժը երաշխավորվում է։
Նիստի ընթացքում բարձրացրեցի նաև ՀՀ քաղաքացիների ՌԴ-ից դեպորտացիայի խնդիրը և համեմատության կարգով նշեցի, որ ես երբեք չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ Գերմանիան դեպորտացիայի ենթարկի ԵՄ մեկ այլ անդամ օրինակ՝ Բելգիայի քաղաքացուն։ Մինչդեռ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին մանր վարչական իրավախախտումների համար դեպորտացիայի են ենթարկում, որն արդեն շատ տարածված պրակտիկա է։ Դեպքեր ունենք, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, այնուհետև տուգանքը չվճարելու համար ՀՀ քաղաքացին 2 տարի ժամկետով դեպորտ է արվել ՌԴ-ից։
Ամփոփելով խոսքս՝ արձանագրեցի, որ այս պրակտիկան նույնպես հակասում է Եվրասիական միության համաձայնագրին։ Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները համաձայնեցին, որ նշված խնդիրներն առկա են և պետք է դրանց լուծումների համար տարբերակներ գտնել։
Մենք շատ լավ գիտենք, որ Եվրասիական միության համաձայնագրի հիմքում ընկած է անդամ պետությունների միջև ֆինանսական միջոցների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը, սակայն մինչ օրս նշված բոլոր ուղղություններով բազմաթիվ խոչընդոտներ կան և, ինչպես ժամանակին գուշակել էի, Եվրասիական միությունը մնացել է թղթի վրա, իսկ Եվրասիական միության հանձնաժողովը, որը գլխավորում է Տիգրան Սարգսյանը և Հայաստանից նշանակված նախարարները, անգործության են մատնված, որովհետև չեն կարողանում կիրարկել Եվրասիական միության համաձայնագրի դրույթները։
Բաժին: featured