ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում շոկի մեջ են ընկել, երբ Մարուքյանը պատմել է հայ զինվորների մարմնի խոշտանգումների մասին

31/05/2017

Այսօր ԱԺ-ում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսն էր: Նրանք խոսեցին մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների մասին: Էդմոն Մարուքյանը պատմեց, որ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ փոքր բախումներ են ունեցել. «Մենք չենք գնում, որ նրանք ինչ-որ բան ասեն, մենք պատասխան տանք, մեր պետության շահերն առաջ մղելու համար ենք գնում: Այնտեղ շատ կարեւոր մի զեկույց էր ներկայացվում՝ Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության նախարարի կողմից, որը իր զեկույցում խոսում էր Վրաստանի օկուպացված տարածքների մասին, բայց նաեւ ընդհանրական եզրահանգումներ արեց, որ արեւելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում կա ՌԴ-ի զորքերի մասնակցությունը»: Էդմոն Մարուքյանը նրան արձագանքել է, որ ԼՂ հակամարտությունը տարբերվում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների բոլոր կոնֆլիկտներից. «Հատուկ ընդգծեցի, որ դա միակ չկարգավորված հակամարտությունն է, որտեղ չկա ՌԴ-ի զորքերի մասնակցությունը, զորք չկա այստեղ տեղակայված եւ պետք չի այդպես ներկայացնել, թե բոլոր տեղերում նույնն է»: Բրիտանիայի լորդերի պալատի ներկայացուցիչն ասել է, որ ՀՀ-ում ռուսական զորք կա: Էդմոն Մարուքյանն էլ հաստատել է, որ ՀՀ-ում կա ռուսական ռազմաբազա, բայց որեւէ կերպ այն ներգրաված չէ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մեջ: Էդմոն Մարուքյանն ասել է, որ Վրաստանը չի համեմատի Ադրբեջանի հետ. «Ասացի՝ ձեր պետությունը երբեւէ չի հարձակվում օրինակ Աբխազիայի վրա եւ սահմանի ամբողջ երկայնքով պատերազմում, զինվորներին սպանում, գլխատում, հետո մնացած մարմինները խոշտանգում, նոր Կարմիր Խաչի միջոցով փոխանցում տվյալ պետությանը: Մի տեսակ շոկ առաջացավ ամբողջ դահլիճում այդ հայտարարությունից հետո: Ես մի պահ մտածում էի, որ կարող է դադարեցնեն իմ խոսքը, բայց չեղավ»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ