ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցողների համար արգելքը ԵԱՏՄ համաձայնագրի խախտում է, նաև մեսիջ Հայաստանին. Էդմոն Մարուքյան

15/07/2017

Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: ԵԱՏՄ համաձայնագրի, ինչպես նաև միջազգային պայմանավորվածություններում առկա հակասությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն ՌԴ-ում օրինակ հայկական վարորդական իրավունքները չեն գործում: Միջազգային պայմանվորվածությունների խախտում կա՞:

-Գոյություն ունի ԵԱՏՄ համաձայնագիր, որը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթն է, որում շատ պարզ տեքստով գրված է, որ համաձայնագիրը երաշխավորում է միության անդամ պետությունների միջև աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը: Դա նշանակում է, որ հայկական ընկերությունները կարող են գնալ, գրանցվել ԵԱՏՄ անդամ երկրներում և ծառայություններ մատուցել Հայաստանի քաղաքացիների միջոցով և փաստաթղթերով: Այդ երկրները միմյանց փաստաթղթերը ճանաչում են: Հիմա նշված օրենքը, որը ՌԴ պետդուման մի քանի անգամ հետաձգել էր, հակասում է ԵԱՏՄ համաձայնագրին, իսկ միջազգային համաձայնագրի և ազգային օրենսդրության միջև երբ հակասություն է լինում, ապա անմիջականորեն գործում է միջազգային համաձայնագրի նորմերը, միջազգային փաստաթղթի դրույթը գերակա է:

Հիմա այդ հայկական վարորդական իրավունքների համար ՀՀ քաղաքացիներին վերաբերող արգելքը և՛ հակասության մեջ է համաձայնագրի, և՛ ԵԱՏՄ պայմանավորվածությունների:

-Այդ դեպքում, երբ հակասություններ և համաձայնագրի կետերի խախտում կա, ի՞նչ կարող է անել հայկական կողմը, որպեսզի այնտեղ աշխատողների իրավունքները չսահմանափակվեն, վարորդները չտուգանվեն:

-Ես ՌԴ դումայում Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրել եմ այդ հարցը և նաև դաշնության ժողովի մեր հանդիպումների ժամանակ եմ խոսել դրա մասին: Հայաստան վերադառնալուց հետո էլ ես դիմել եմ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին, կոնկրետ փաստարկված դրույթներով ներկայացրել եմ , թե ինչպես է այն հակասում ԵԱՏՄ համաձայնագրին և պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկի: Նաև Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ բանավոր դիմել եմ նաև վարչապետին, որ այդքան Մոսկվա է այցելում, Բիշքեկ է այցելում, այդ խնդիրներն այնտեղ բարձրացներ և լուծում տար, և եթե անգամ միութենական շրջանակներում իրենք չեն կարողանում խնդիր լուծել, իմաստը ո՞րն է մեր անդամ պետություն լինելու, կամ ընդհանրապես նման իշխանություն ունենալու:

-Պարոն Մարուքյան, ՌԴ պետդուման ընդունել է համապատասխան փոփոխություններ, համաձայն որի՝ փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Փաստորեն, այնտեղ էլ պատճառ կա, որ ռուսերենը պետական լեզու չէ Հայաստանում և չի կարող ՀՀ քաղաքացու համար այն պահանջը չեղարկվել:

-Այդտեղ կա ուղերձ այն երկրներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ: Ասում են՝ ուզո՞ւմ եք ձեր փաստաթղթերը ճանաչենք, ռուսերենն ընդունեք որպես երկրորդ պաշտոնական լեզու: Իսկ ՀՀ սահմանադրության համաձայն՝ հայերենը միակ պետական լեզուն է Հայաստանում և այլ պաշտոնական լեզու չի կարող լինել:

– Հնարավո՞ր է, որ նման տարբեր սահմանափակումներ դրվեն ինչով և պահանջ լինի, որ ռուսերենը պետական լեզու ճանաչվի:

– Ըստ էության, այդ պահանջը կա: Անուղղակիորեն այդ մեսիջն ուղղվել է մեզ, բայց մեր Սահմանադրությունը դա մեզ թույլ չի տալիս: Ու բացի այդ, հայկական կողմը պետք է պահանջի, որ ԵԱՏՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ոչ թե պաշտոնյաներն ու նախարարները հարցազրույցներ տան, որ դե ռուսներն իրավունք ունեն այդպես անել: Զենք են վաճառում հակառակորդ պետությանը, մեր պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս և ասում են՝ բիզնես է, հայության դեմ չի ուղղված: Նման աբսուրդ մտքեր են արտահայտում, համաձայնագիր են խախտում ռուսները, էլի մեր պաշտոնյաները փոխանակ պաշտպանեն մեր շահերը, ասում են՝ իրավունք ունեն: Սա ուղղակի խայտառակություն է:

– Պարոն Մարուքյան, իսկ Տիգրան Սարգսյանից ձեր դիմումի պատասխանը ստացվել է:

-Դեռ պատասխան չեմ ստացել, բայց հետևողական եմ լինելու:

Բեթղեհեմ Արաբյան

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ