Հայաստանը պետք է ԵՏՄ–ից դուրս գալու գործընթաց սկսի. Էդմոն Մարուքյան

18/07/2017

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։

«Պետդումայում ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ միայն Ղազախստանի եւ Բելառուսի վարորդներին է թույլատրվում Ռուսաստանում աշխատել, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերեվլ Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի նկատմամբ։ Երբ այս մասին հայտնի դարձավ, ես ահազանգում էի, որ այդ օրենքում հստակ ուղերձ կա առ այն, որ մենք պարտավոր ենք ռուսերենն ընդունել երկրորդ պաշտոնական լեզու, որպեսզի ընդառաջ գնանք այդ օրենսդրական փոփոխությանը։ Փաստորեն, այդ մտահոգությունն այսօր հաստատվել է։ Արդեն Պետդումայի խոսնակ Վոլոդինի կողմից Աժ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ այդպիսի առաջարկ է արվել։ Սա հստակ մոտեցում է եւ բացահայտում է՝ ինչու են օրենքը այդպես ընդունել, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու ընդունենք»,–ասել է պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը առաջարկում է կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի դրույթները, որը ավելի մեծ ուժ ունի, քան Պետդումայում ընդունված որոշումները․ «Պետք է ուղղակի կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որըն ընդունվել է Պետդումայի կողմից, հիմա եթե դա չեն կիրառելու Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի։ Անիմաստ է գտնվել մի միության մեջ, որտեղ մեր ձայնը լսելի չէ եւ մեր շահերը հաշվի առնված չեն, Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ–ից դուրս գալու գործընթաց»։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանում ընդունված այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը թույլ է տվել, որ Ռուսաստանն արդեն այս մակարդակով քայլեր կատարի Հայաստանի սուվերենության դեմ․ «Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այնքան է թույլ է, որ թույլ է տվել որ Հայաստանի սուվերենության դեմ այսպիսի քայլեր կատարել։ ՀՀ իշխանությունները պիտի գնան ինքնահրկիզման, սա խայռաակ վիճակ է»։

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Մամուլ