«Իշխանության տեղը լինեի՝ կինքնահրկիզվեի». Ռուսաստանը հերթական անգամ նվաստացնում է մեզ

13/07/2017

Ռուսաստանի Պետական դուման 2017թվականի հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որում մասնավորապես ասվում է.

1995թ. դեկտեմբերի 10-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Սույն կետի դրույթները չեն տարածվում Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ընդունված է որպես պաշտոնական լեզու, երբ տվյալ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացնում են ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն, որն անիջականորեն կապ ունի տրանսպորտային միջոցների շահագործման հետ»։

Խնդրի հետ կապված մեկ անգամ չէ, որ իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Շաբաթներ առաջ պատգամավորը դիմել էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հուլիսի 12-ին ՌԴ Պետական դումայի կողմից ընդունված օրենքի նախագծին ընդգծեց. «Դումայի ընդունած օրենքը հարված է մեր իշխանություններին, բոլոր այն մարդկանց, ովքեր ԵՏՄ-ի ջատագովներ են։ Փաստորեն ասվում է՝ թույլ ենք տալիս ղրղըզներին և բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է, ազատորեն աշխատել իրենց ազգային վարորդական իրավունքներով, իսկ մեր քաղաքացիներին՝ հայերին, թույլ չեն տալիս։ Սա այն դեպքում, երբ ես Տիգրան Սարգսյանին ուղղված իմ նամակում մանրամասն հղումներ էի կատարել ԵՏՄ համաձայնագրին՝ առ այն, որ համաձայնագիրն աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժման երաշխավորն է։ Այսինքն՝ ՌԴ Պետական դուման թքած ունի իրենց երկրի կողմից վավերացրած միջազգային համաձայնագրի վրա, որով և հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միությունը, և որի անդամ է Հայաստանը»։

Մարուքյանը հավելում է. «Իշխանություններն այս լուրն իմանալով պետք է որևէ քայլ ձեռնարկեն։ Վարչապետն այդքան Մոսկվա է գնում, Ղազախստան, նախագահն է գնում՝ այս բոլորով չե՞ն կարողանում մի վարորդական իրավունքի հարց լուծել։ Ո՞ւմ է պետք մեր անդամակցությունն այդ միությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանն օր առաջ պետք է հայտարարի, որ դուրս է գալիս այդ միությունից և նման գործընթաց սկսկի։ Սա վերջին նվաստացումն է»։

Հետաքրքրվեցինք՝ հնարվո՞ր է՝ սրանով փորձ է արվում ստիպել ԵՏՄ անդամ մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որպես երկրորդ պետական լեզու սահմանել ռուսերենը։ Ի դեպ, ռուսերենը, որպես պետական լեզու սահմանելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ. «Այո՛, չի բացառվում, որ դրանով փորձում են իրենց իմպերիալիստական մոտեցումն առաջ տանել։ Այսինքն՝ ստացվում է հետևյալը. եթե ուզում եք՝ ձեր վարորդական իրավունքով այստեղ աշխատել, ուրեմն, սիրելի հայե՛ր, գնացե՛ք ձեր երկրի Սահմանադրությունը փոխեք։ Միայն այդ դեպքում կկարողանաք այստեղ մեքենա վարել»,- նշեց «Ելք» դաշինքի պատգամավորը։

Մարուքյանը հարցադրում է անում. «Էլ ինչի՞ն է պետք մեզ Եվրասիական տնտեսական միությունը, այն համաձայնագրերը, որ կնքվել են։ Իրականում, 90-ականներից սկսած, Ռուսաստանի կողմից ստեղծված ցանկացած միավորում թղթի վրա գոյություն ունեցող կառույցներ են։ Մեկը մյուսից աբսուրդ և դրանցից որևէ մեկը մինչ օրս չի էլ գործել։ Դրանք ծառայել են միայն իրենց երկրի շահերին։ Այս դեպքում շահերի հարց էլ չկա, ուղղակի խնդիր կա ֆիքսելու, որ մեր անդամակցությունն անիմաստ է։ Դարձել ենք մի բանի կցորդ, որտեղ որևէ դերակատարում չունենք, որտեղ եղած համաձայնագրերը որևէ գրոշի արժեք չունեն։ Ես մեր իշխանությունների տեղը լինեի՝ կինքնահրկիզվեի, հրաժարական կտայի»,- եզրափակեց պատգամավորը։

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ