Դատավորը պետք է բարձր վարձատրվի, բայց ոչ մի երաշխիք, որ կոռումպացված չի լինի. կարծիքներ
ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ դատավորները պետք է բարձր աշխատավարձ ստանան, սակայն, ըստ նրա, դա դեռ երաշխիք չէ, որ կաշառք չեն վերցնի կամ կոռումպացված չեն լինի։
Tert.am–ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արդարացված դատավորների մինչև 920 հազար դրամանոց աշխատավարձը, երբ բժիշկները, Գիտությունների ազգային ակադեմիայի բաժնի պետերը 60-70 հազար դրամ աշխատավարձ են ստանում, պատգամավորն ասաց, որ բժշկի, հանրային ծառայողի ու գիտնականի ցածր աշխատավարձն արդարացված չէ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դատավորներինն էլ պետք է ցածր լինի:
«Դատավորի աշխատավարձի հետ կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել, որովհետև դատավորները բնական է՝ պետք է բարձր աշխատավարձ ստանան իրենց անկախության ու գործառույթների հետ, սոցիալական երաշխիքների ապահովման հետ»,– ասաց նա:
«Այլ բան է, որ այս բարձր աշխատավարձերը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարևոր, բայց ոչ բավարար նախապայման է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ դատավորների բազային աշխատավարձ շուրջ 400 000 կամ 1000 ԱՄՆ դոլարին մոտ։ Մնացածը մասն ստացվում է հավելագրումներից՝ ըստ աշխատանքի ստաժի, դասային աստիճանի և այն գործոնի, թե ո՞ր դատարանն է ներկայացնում դատավորը։ Օրինակ՝ Վերաքննիչ դատարանի դատավորներն ավելի բարձր են ստանում, քան Ընդհանուր իրավասության, Վճռաբեկինը՝ ավելի բարձր, իսկ Սահմանադրական դատարանինը՝ ամենաբարձրն է:
Ըստ որում, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ դատավորների աշխատավարձերը բարձրանալու են 2014 և 2015 թվականներին՝ անցնելով մեկ միլիոն դրամը:
Նույնպես նախկին փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Tert.am—ի հետ զրույցում ասաց, որ սոցիալական այս պայմաններում դատավորների նման բարձր աշխատավարձերը ինքնին չեն կարող Հայաստանում արդարադատության երաշխիք լինել:
«Իհարկե, ոչ։ Նրանց աշխատավարձով չէ պայմանավորված նրանց արդարամիտ, անկողմնակալ և անկաշկանդ լինելը»,– ասաց նա և ավելացրեց, որ մյուս կողմից, ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարում են աշխատողներին բարձր աշխատավարձեր նշանակելով, և Հայաստանը չի կարող այս առումով հեծանիվ հորինել:
Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ կողմնակից է դատավորների և, առհասարակ, իրավապահ համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, բայց նույնպես ասաց, որ սա բավարար պայման չէ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս 20 տարիների ընթացքում ձևավորվել է այնպիսի դատական էլիտա, որը կաշկանդված է արդեն իսկ իրենց կողմից նախկինում գործած հանցագործություններով և դրանց վերաբերյալ կիլոգրամներով փաստաթղթեր կան համապատասխան ծառայություններում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Աղբյուրը` http://www.tert.am/
Բաժին: Մամուլ