Քաղաքական ուժերը պետք է կամք ունենան թույլ չտալու «ֆեոդալներին» զբաղվել քաղաքականությամբ

15/11/2012

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը

– Այսօր քաղաքական տարբեր ուժեր, ընդդիմության դաշտում գործող քաղաքական կուսակցությունները քննարկում են մեծամասնական-համամասնական ընտրակարգերին անցնելու հարցը։ Դուք, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ձեր տպավորությամբ՝ տեղի՞ն են, արդյոք, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քննարկումները և որքանո՞վ իրական են այն կշտամբանքները, թե մեծամասնական ընտրակարգով Հայաստանում ֆեոդալական հիմքեր են ստեղծվում։

– Իմ տպավորությամբ՝ խոսքն այն մասին չէ, թե ինչ կառավարման մոդել որդեգրենք, այլ ուժերի կոնսոլիդացման։ Այդ գաղափարի շուրջ փորձ է արվում դաշտը նորից բաժանել սևերի և սպիտակների։ Չեմ կարծում, որ մի երկրում, որտեղ պառլամենտարիզմ գոյություն չունի, կարող ենք խոսել հարյուր տոկոսանոց մեծամասնական համակարգի մասին և, ավելին, քայլ անել դրանից ու խոսել խորհրդարանական պետության մասին։ Սա պարզապես նախընտրական շրջանում առաջ քաշված գաղափար է՝ գիտեք, որ միշտ մեղադրանք կար, որ քաղաքական ուժերը գաղափարների շուրջ չեն մրցակցում։ Թե որքանով է սա իսկական կամ արհեստական, ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է ֆեոդալական համակարգին կամ մեծամասնականով ընտրված ֆեոդալներին, բազմիցս եմ ասել, որ առաջին հերթին քաղաքական ուժերը պետք է կամք ունենան, որ ֆեոդալատիպ մեծահարուստ մարդկանց թույլ չտան, որ նրանք իրենց քաղաքական կուսակցության միջոցով զբաղվեն քաղաքականությամբ, հայտնվեն Ազգային ժողովում։ Այստեղ նաև խոսվում է ինքնառաջադրման ինստիտուտի վերացման մասին։ Եթե մեծամասնական համակարգը վերանում է, վերանում է նաև անկուսակցական մարդկանց ինքնառաջադրումը։

– Կարևոր իրավունք է խախտվում, և այդ մասին ոչ ոք չի խոսում։

– Ես այդ հարցը բարձրացրեցի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ասելով, որ դուք փորձ եք անում բնակչությանը կուսակցականացնել։ Հակառակ արգումենտը բերվեց, որ ցուցակներում կան անկուսակցականներ։ Ինչո՞ւ այդ ցուցակ կազմողները ցուցակներն իրենց ասած ձևով չէին կազմում մայիսի 6-ից առաջ։

 

– Երկրի համար վարակիչ դարձնելու փոխարեն՝  այս քաղաքական ուժերն ընդհանրապես փակում են առանձին լուսավոր կետերի հնարավորությունը։ Այս գիտակցությունը չեմ հասկանում։

– Զարմանքս հենց դա է։ Ինձ ասում են՝ ձեր օրինակը մոռացեք, դա բացառություն էր, բայց մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում են օլիգարխներ, ֆեոդալներ, իշխանության կողմից պաշտպանվող մարդիկ, և դրա համար պետք է այս ընտրակարգը վերացնել։

– Բայց որևէ քաղաքական ուժի չեն կարող արգելել, որ նույն համամասնական ցուցակում կարողանան տեղ գտնել այն նույն օլիգարխները, ֆեոդալները, որոնք տեղերում պիտի ապահովեն նույն կուսակցության հաղթանակը։ Մենք ապահովագրված չենք, որ թոխմախցի Մհերը, Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հայտնվելու խորհրդարանում։

– Ոչ միայն տեղերի խնդիրն է, այլև այն, որ կուսակցություններն իրենց ներքին կառուցվածքով ժողովրդավարական չեն։

– Մարդիկ, որոնք 50-րդ, 60-րդ համարն են եղել, դարձել են 5-րդը, այսինքն՝ ընտրողները նույնիսկ այդ քվեն չեն տվել նրանց։

– Համամասնական համակարգի մյուս մինուսն այն է, որ կա ցուցակ, որի որոշ անդամների, ասենք, դեմ եմ, իսկ որոշների կուզենայի տեսնել ԱԺ-ում։ Ինչպե՞ս քվեարկեմ։ Ի՞նչ երաշխիք, որ կուսակցությունները փողով չեն վաճառելու իրենց տեղերը, ո՞վ կարող է պնդել, որ մինչ օրս տեղեր չեն վաճառվել համամասնական ցուցակներով։

– Այդ իմաստով, թերևս, ամենացայտունը «Ժառանգությունն» էր. մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանին քվե տվեցին, և նա, չգիտես հանուն ինչի, վայր դրեց իր մանդատը։

– Սա վկայում է, որ քաղաքական ուժերն ազնիվ չեն եղել ընտրողների հետ։

– Մեծամասնականի առավելությունը, ըստ իս, այն է, որ դուք ընտրողի կողմից պատվիրակվում եք և պատասխանատու եք նրան։

– Ինչն էլ ամենակարևորն է։

– Ինչո՞ւ չի դրվում հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին անցնելու հարցը։

– Եթե մենք գնանք հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին, այն գումարները, որ տալիս ենք քաղաքական ուժերին, որոնք 3 տոկոս ձայն են հավաքել և խորհրդարանում հայտնվել կամ չեն հայտնվել, այդ գումարները կտանք մեծամասնականով ընտրված պատգամավորներին, որոնք պարտավորություն կունեան իրենց ընտրատարածքներում բացել գրասենյակներ և աշխատել իրենց ընտրողների հետ՝ ինչպես ԱՄՆ-ում է, գերմանական Բունդեսթագում։

– Երկրի ֆեոդալականացման մասին խոսեց ՀՀ երկրորդ նախագահը, որ այս ընտրակարգը տեղերում ֆեոդալիզմի արմատներ է գցում։ Ո՞ր պահից, ըստ ձեզ, սկսվեց այս գործընթացը, ի՞նչ երաշխիք, որ այն չի խորանա։ Ի՞նչ է պետք անել։

– Անկախացման տարիներից մեծահարուստներն ավելի շատ սկսեցին հայտնվել ԱԺ-ում, և սա քաղաքական ուժերի կամքի բացակայության հետևանքն է։ Եվրոպայում ու Ամերիկայում մեծահարուստները փորձում են խորհրդարանում ունենալ իրենց լոբբինգն անող պարկեշտ ու պատրաստված մարդկանց։ Կարծում եմ, Հայաստանի զարգացման անցումային այս փուլում կարող է կոնսենսուս լինել սրա մեջ։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի հայտարարությանը, ապա, կարծում եմ, նա ափսոսում է, որ ավարտին չի հասցրել ինչ-որ փոփոխություններ, բայց չի ասում, թե ինչու  ավարտին չի հասցրել։

– Նա մեղադրում է Հանրապետական կուսակցությանը՝ ֆորան տվել է իշխանությանը, որը թույլ չի տվել գործը ավարտին հասցնել։

– Թույլ տվեք չհավատալ։ Եթե նախագահն ուզենար ինչ-որ բարեփոխումներ անել, չեմ կարծում, որ խոչընդոտներ ունենար։

– Կառավարման համակարգը կապ ունի՞ երկրի առջև ծառացած առկա խնդիրների հետ։

– Ոչ։ Նախ պետք է մարդկանց վիճակը բարելավել, որ նրանք իրենց վաղվա օրը կապեն ապագա ընտրությունների հետ։

– Անկուսակցական լինելով՝ դուք խնդիրներ ունե՞ք խորհրդարանում։

– Բազմաթիվ խնդիրներ ունեմ. ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորը չի կարող ընտրվել ԱԺ ղեկավար պաշտոններում և չի կարող ինչ-որ մեկին առաջադրել և այլն։ Փորձ է արվում ամեն ինչ կուսակցականացնել։

– Ի՞նչ տպավորություն ունենք ԱԺ-ից, քաղաքական դաշտից։

– Շատ կարևոր է մարդկանց անձնապես ճանաչելը։ Շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր պատգամավորների հետ։ Ամեն ինչ սև ու սպիտակ չէ։

– Շնորհակալություն հանդիպման համար։

Աղբյուրը` http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր