Ովքեր սիրով օգտագործվում են ՀՀԿ-ի կողմից, դա իրենց գործն է, որևէ մեկնաբանության կարիք չկա. Է. Մարուքյան
Վանաձորում արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջով «Լուսավոր Հայաստան» կուսակցության` կառավարությանն ուղարկած դիմումը մեկ ժամվա ընթացքում կհրապարակվի: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո էլ շարունակում է ընդդիմություն մնալ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ ՀՎԿ-ի հետ կապված որևէ մեկնաբանություն չի արվելու, որովհետև իրենք պայքարում են ՀՀԿ-ի դեմ:
«Հանրապետական կուսակցությունը դաշտ է նետել ՀՎԿ-ին` մեզ հետ կռիվ անելու, այսինքն, փորձում են իրենց օգտագործել մեր դեմ, բայց մենք ՀՎԿ-ի հետ կռիվ չունենք: Մեր կռիվը ՀՀԿ-ի ու իշխանության հետ է: Իսկ ովքեր սիրով օգտագործվում են Հանրապետական կուսակցության կողմից, դա իրենց գործն է, որևէ մեկնաբանություն չկա դրա հետ կապված»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ին ավելի վաղ ասել էր, որ կուսակցությունը նոյեմբերի 20-ին դիմելու է կառավարություն, որպեսզի գործադիր իշխանությունն ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն՝ դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։
Իսկ օրեր առաջ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։
Հակոբ Ասլանյան
tert.am