Հայաստանի ՊՆ-ն չպետք է կախված լինի դրսի գնումներից. Էդմոն Մարուքյան
Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ կախված չլինի դրսի գնումներից, այսօր խորհրդարանում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ելքն առաջարկում է քայլեր ձեռնարկել, որ բանակի գնումները նաև տեղական արտադրողից կատարեն: ԱԺ մեծամասնությունը դա մերժել է:
«Օրինակ՝ եթե ռուս-վրացական պատերազմի դեպքում մեր սահմանը Ռուսաստանի հետ փակվի, մենք չկարողանանք այդ էժան ապրանքը ներմուծենք, տեղական արտադրող էլ չունենանք, բա էդ դեպքում ինչ ենք անելու: Մեր առաջարկը միտված է նրան, որ տեղական արտադրողն աճի, որ վաղը, մյուս օրը, Աստված չանի, սահման փակվի, մենք բլոկադայի մեջ լինենք, տեղական արտադրողից կարողանանք գնումներ կատարել»,- ասաց Մարուքյանը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ եթե երկու հավասար առաջարկ կա, չեն կարող տեղականից կատարել գնումները: Էդմոն Մարուքյանն ասաց, որ զարմացել է նախարարի այս հայտարարությունից:
«Այսինքն՝ եթե մեկը Բրազիլիայից մի բան է առաջարկում Պաշտպանության նախարարությանը, և ունենք տեղական արտադրող, ինչո՞ւ չենք կարող մենք տեղական հարկատուից, տեղական աշխատատեղ ապահովողից գնենք: Բա Ազգ-բանակ կոնցեպտը մենք ո՞նց ենք հասկանում, որ բոլորը մասնակից լինեն բանակաշինության գործին»,- հարցրեց Մարուքյանը:
Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, որ գնումները կատարվում են Գնումների մասին օրենքով և ուզում է ուրախացնլ պատգամավորներին՝ հայրենական արտադրողը մեծ տեղ է կազմում այդ գնումներում: «Այն, ինչ կարելի է առնել հայրենական արտադրողից, պետք է առնենք նրանից»,- ասաց նախարարը: