Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք

08/05/2012

Մեր զրուցակիցն է թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ական թեկնածու Վիկտոր Դալլաքյանին հաղթած անկուսակցական փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, վերջին 10 տարիների ընթացքում Դուք աշխատել եք Հայաստանը ավելի ժողովրդավարական երկիրդարձնելուքաղաքացիական հասարակությունը ձևավորելու,ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նպաստելուուղղությամբ: Կարո՞ղ ենք ասել, որ այս տարիների աշխատանքը Վանաձորում արդյունք տվեց, որքան էլ ՀՀԿ-ական մարզպետը Վիկտոր Դալլաքյանին, այնուամենայնիվ, վանաձորցին քաղաքացիական ընտրություն կատարեց:

Վերջին 10 տարիների ընթացքում, որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստ, զբաղվել եմ հենց քաղաքացիական հասարակության ձևավորման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացներով: Որպես փաստաբան զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տարբեր ատյաններում: Ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության դաշտում զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ: Որպես հասարակական գործիչ, տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով անընդհատ ազդեցություն եմ ունեցել ժողովրդավարական տարբեր ինստիտուտների, քաղաքական որոշումների կայացման, քաղաքական օրակարգի ձևավորման վրա, քաղաքացիական հասարակությունը հզորացնելու անընդհատ պրոցես է եղել: Եվ որևէ մեկին գաղտնիք չէ, որ Լոռու մարզի քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ավելի կայացած են, քան այլ մարզերում, նաև շատ ինստիտուտներ ավելի կայացած են, քան հենց Երևանում: Հետևաբար իմ` քարոզարշավի հաղթական արդյունքը կարելի է կապել վերջին տասը տարվա ընթացքում մեր ներդրման հետ. ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք հիմա:

Թեև Վիկտոր Դալլաքյանը սկզբում անկուսակցական պատգամավոր էր, սակայն բոլորովին վերջերս նա Հանրապետական կուսակցության անդամ դարձավ: Հետագայում հնարավո՞ր է արդյոք Ձեր որոշումը փոխեք, թե՞ սկզբունքի հարց է անկուսակցական լինելը:

Քանի դեռ Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չէ այնքան, որ քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների որոշումների կայացման գործընթացները ժողովրդավարական պրոցեսներով անցնեն, որոշումների կայացմանը բոլորը մասնակցեն, ես ըստ էության չեմ տեսնում ինձ որևէ կուսակցության մեջ: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, որպես իրավապաշտպան ավելի շատ հակված եմ անկախ և ազատ գործունեության և այս առումով չեմ ուզում կաշկանդված լինել որևէ կուսակցության գաղափարախոսությամբ կամ քաղաքական պայմանավորվածությամբ: Մոտ ապագայում չեմ տեսնում իմ` կուսակցական դառնալու հանգամանքը: Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի կուսակցական դառնալուն կամ չդառնալուն, նա ժամանակին էլ եղել է այդ կուսակցության անդամ և ճիշտն ասած չեմ ուզում քննարկել այդ հարցը:

Այս ընտրություններին մենք տեսանք, թե ինչ առատությամբ ընտարակաշառքներ բաժանվեցին: Այս առումով, Ազգային ժողովում որո՞նք են լինելու Ձեր գործունեության առաջնահերթությունները:

Ազգային ժողովում զբաղվելու եմ օրենսդրական իրավաստեղծ աշխատանքով, նաև լինելու եմ իրավապաշտպանի դերում այն առումով, որ ներկայացնելու եմ մարդկանց շահերը Ազգային ժողովում, որ մարդկանց իրավունքները, շահերը և ազատությունները համընկնեն Ազգային ժողովի կողմից ընդունված ցանկացած օրենքում, ինչքան որ իմ հնարավորությունները` որպես պատգամավոր, կբավականացնեն:

Ընտրությունների հետ կապված վարչական ռեսուրսի կիրառումը և տարբեր խնդիրներ, որ կան, քաղաքացիական հասարակության տարբեր ինտստիտուների ակտիվությունից ելնելով տեղեր կան, որ լուծվում են, տեղեր կան, որ մի քիչ չեզոքացվում են, իսկ տեղեր էլ կան, որ որևէ կերպ ազդեցություն չենք կարողանում ունենալ: Սա կապված է ընդհանուր զարգացման հետ: Եթե ընտրողները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, նրանց անընդհատ հեշտ է լինելու տարբեր ձևերով փորձել ընտրել տալ այն թեկնածուին կամ այն ուժի օգտին, որը ցանկանում է ուղղորդել ինչ-որ բան սիրաշահելով: Այս առումով մենք խնդիրներ ունենք, և հնարավոր է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող անջատ զարգանալ հասարակական սոցիալական խնդիրներից և մեծ ազդեցություն ունենալ: Մյուս կողմից, վարչական ռեսուրս ինչքան էլ կիրառվեց, այնուամենայնիվ, տեղ կային, որտեղ դա ազդեցություն չի ունեցել այնքան, ինչքանով որ ակնկալվում էր ունենալ: Այս խնդիրը պայմանավորված է տարբեր գործոններով:

Ձեր առաջադրվելը պայմանավորում էիք մարդկանց` միևնույն դեմքը տեսնելուց հոգնած լինելով: Այս առումով, նոր խորհրդանի պատկերն ա՞յլ է նախորդից, դեմքերի տարբերության առումով:

Խնդիրն այն է, որ ես դա ասել եմ առաջին հերթին թիվ 30 ընտրատարածքի հետ կապված, քանի որ ինձ հետ առաջադրվել էին տարբեր կուսակցություններից թեկնածուներ, որոնք տարբեր քաղաքական և պետական մարմիններում իրենց գործունեությամբ անընդհատ ցույց էին տվել իրենց, և մարդիկ գիտեին նրանց: Ունեինք թեկնածու, որ 12 տարի պատգամավոր էր և անընդհատ նույն մարդուն այդ պոստում տեսնելն առաջացրել էր նոր մարդու, նոր մոտեցումների, նոր փոփոխություններ տեսնելու պահանջ: Մյուս կողմից, նաև սերնդափոխության խնդիր եմ դրել, և մեր կարգախոսն էր “Նոր սերունդ, նոր հնարավորություններ”: Իմ կարծիքով, մինչև նոր սերնդին հնարավորություն չտրվի գալ և մասնակցել որոշումների կայացման գործընթացներին, ժողովուրդը իր համար նոր հնարավորություն չի կարող ստեղծել: Այսինքն, մենք սերնդափոխության խնդիր էինք դրել, մենք այլընտրանք էինք ներկայացնում մյուս բոլոր առաջադրված թեկնածուներին և խնդիր էինք դրել, որ պրոֆեսիոնալիզմ ենք բերում, այսինքն` ես գնում եմ Ազգային ժողով, որ պրոֆեսիոնալ պատգամավորի գործով զբաղվեմ: Ես գնում եմ օրենսդրական աշխատանքով զբաղվելու: Եվ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի բնակչությունը դա հասկացավ և գնահատեց, ցանկացավ տեսնել սերդնափոխություն, ցանկացավ ունենալ պրոֆեսիոնալ պատգամավոր, ցանկացավ ունենալ իր շահերի ներկայացուցչին Ազգային ժողովում, և այդ ցանկության արդյունքը գրանցվեց մայիսի 6-ին: Սա է իմ բացատրությունը:

Իսկ թե որքանով է թարմացվելու այս Ազգային ժողովը, քանի որ համամասնականով դեռ պարզ չէ` ովքեր են դառնալու պատգամավոր, եւ հնարավոր է շատ մարդիկ ինքնաբացարկ հայտնեն, սրա մասին կարող ենք ավելի ուշ կարծիք հայտնել: Ինչ վերաբերում է մեծամասնականին, կան նոր դեմքեր, և կան մարդիկ, որոնք նախկինում էլ եղել են, թարմություն, այո, կա, բայց այնքան չէ, որն փոխանցվի բոլորին:

Որպես փաստաբան-իրավապաշտպան, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական և նախընտրական գործընթացը:

Նախընտրական ընթացք ասելով հասկանում եմ ամեն ընտրության հաջորդ օրվանից սկսած մինչև մյուս ընտրություններ: Հիմա սկսվել է մյուս խորհրդարնական ընտրությունների նախընտրական փուլը: Սա նշանակում է, որ մինչև 2017 թվականը մենք պետք է ունենանք խոսքի, հավաքների ազատություն, մենք պետք է ունենանք ազատ մամուլ, ազատ հեռուստատեսություն և քաղաքական ուժերի գաղափարների բազմակարծության տեսանկյունից հավասար հնարավորություններ: Եթե այդ ամենը լինի մինչև 1017 թվականը, այդ ժամանակ կարող ենք ասել, որ նախընտրական ընթացքը եղել է ժողոովրդավարական և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Բայց տեսեք՝ մենք սկսում ենք այս ամեն ինչին հետևել միայն պաշտոնապես հայտարարված քարոզչության ընթացքում, երբ մարդիկ 4-5 տարի խոսքի ազատություն չեն ունեցել, 4-5 տարի զրկված են եղել հավաքների ազատությունից: Հետևաբար, այս ընտրությունների հետ կապված իմ կողմից նշված ազատությունների առումով մենք 4-5 տարի բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, և դա իր ազդեցությունը ունեցել է նախընտրական պրոցեսների վրա: Ինչ վերաբերում է բուն պաշտոնական քարոզարշավին, ըստ իս, հիմնականում հանգիստ է անցել, բնականաբար վարչական ռեսուրսի կիրառում է եղել տարբեր տեղերում և միայն դա է, որ անհավասար պայմաններ է ստեղծել թեկնածուների կամ կուսակցությունների համար:

Քաղաքացիական հասարակությունը Մաշտոցի պուրակում հաղթանակ տարավ, հիմա Վանաձորում քաղաքացին հաղթեց, քաղաքացին հաղթանակնե՞ր է տանում:

Այո, մենք որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ` հաղթանակներ ունենում ենք, բայց այդ հաղթանակները հատային են, թեև սա էլ ոգևորիչ է: Այսինքն` մենք չեն կարողանում համակարգային փոփոխությունների հասնել, պետք է փորձել շարժվել առաջ և հատային հաղթանակները վերածել համակարգային փոփոխությունների, երևույթների փոփոխությունների:

Աղբյուրը` http://www.lragir.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ