Մենք ԱԺ հարթակն օգտագործել ենք, մերժվելուց հետո մեզ այլ բան չի մնացել, քան դիմել զանգվածային ակցիաների. Էդմոն Մարուքյան

09/01/2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիայի մասին, ասում է, որ «Ելք» երբևէ չի բացառել իր գործողությունները թե՛ դրսում, թե՛ խորհրդարանի ներսում, հետևաբար անակնկալ չէ, որ «Ելք»–ը դիմում է նաև զանգվածային միջոցառումների ճանապարհով իր օրակարգն առաջ մղելուն։ Պատգամավորը նաև նշում է, որ իրենց երազանքը չէ միշտ լինել ընդդիմություն, իրենք պետք է իշխանության գան, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը։ Էդմոն Մարուքյանը նաև նշում է, որ իրենք ԱԺ հարթակն օգտագործել են և մերժվելուց հետո իրենց այլ բան չի մնացել, քան դիմել զանգվածային ակցիաների։

– Դուք որպես ընդդիմադիր ուժ խորհրդարանական ամբիոնն եք մշտապես օգտագործում, նախատեսում եք երթ ընդդեմ թանկացումների: Այնուամենայնիվ, դուք ակնկալո՞ւմ եք, որ այն բազմամարդ ու տևական գործընթացի կվերածվի, հետևաբար նաև փողոցային և հանրահավաքային պայքարի, թե՞ կգերադասեիք, որ սա մեկանգամյա ակցիա մնա:

– Նախ պետք է ձեզ տեղեկացնեմ, որ թե՛ ակցիզային հարկի, թե՛ հարկային բեռի ավելացման վերաբերյալ հենց իմ կողմից նախաձեռնություն է եղել, ներկայացվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, այսինքն՝ մենք ԱԺ-ի պլատֆորմը, հարթակը, ինչ ունենք մեր ձեռքի տակ, օգտագործել ենք այս մասով և մերժվելուց հետո մեզ այլ բան չի մնացել, քան դիմել նաև զանգվածային ակցիաների: Եվ նաև պետք է ասեմ, որ խորհրդարանական հարթակում մենք ունենք 9 մանդատ, իսկ զանգվածային ակցիաների շրջանակում մեզ կարող են միանալ նաև այն քաղաքացիները, ովքեր մեզ չեն ընտրել և դա կարող է ավելի մեծ փոփոխությունների տանող ճանապարհ լինել, քան մեր 9 մանդատի ունեցած հնարավորությունը խորհրդարանի գործունեության մակարդակով:

– Եթե մեծ թվով մարդիկ դուրս գան այսօր, դուք արդեն հաշվարկել ե՞ք, որ հնարավոր է լքեք խորհրդարանական ընդդիմության ձեր տարածքը և հայտնվեք ավելի արմատական դիրքերում՝ դառնալով արմատական ընդդիմություն: Հնարավո՞ր է կիսեք մյուս, այսպես կոչված, փողոցային ընդդիմադիր ուժերի ճակատագիրը: Պատրաստ եք, ունեք ռազմավարություն և մարտավարություն:

– Նախ այսօր փողոցում որևէ ընդդիմադիր ուժ չկա, սա մեկ։ Երկրորդը՝ «Ելք» դաշինքը երբեք չի ասել, որ արմատական ընդդիմադիր ուժ չէ, և մենք արմատական ընդդիմադիր ուժ ենք խորհրդարանում և խորհրդարանից դուրս։ Եվ երրորդը՝ որևէ կերպ մենք երբևէ չենք բացառել մեր գործողությունները թե՛ դրսում, թե՛ խորհրդարանի ներսում, հետևաբար ես չեմ կարծում, որ անակնկալ է, որ «Ելք» դաշինքը դիմում է նաև զանգվածային միջոցառումների ճանապարհով իր օրակարգը առաջ մղելու և դրական փոփոխությունների օրակարգն առաջ մղելու մասով: Այսինքն՝ մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ երկրի սոցիալական վիճակը սոցիալական բևեռացումը, մոնոպոլիաները, կոռուպցիան այն մակարդակի են հասել և այսօր թանկացումները նոր հարկային բեռը նաև սրող դեր ունի, որ նոր մեծ թափ է տալիս մարդկանց սոցիալական ծանր վիճակին և նաև դա, ըստ էության, արտագաղթի տեմպերն է ավելացնում: Իսկ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ մենք փոփոխությունների ուժ ենք և մենք դուրս ենք գալիս փողոց հանուն այդ փոփոխությունների և պետք է Կառավարությունը, Հանրապետական կուսակցություն ասեմ, կոալիցիա ասեմ, թե երկրի Նախագահը, բոլորը ականջալուր լինեն քաղաքացիների պահանջին և նախկին եղած դրույքաչափերը վերականգնեն, այիսնքն՝ ետ գնան դեպի դաշտի կարգավորումներ, որի արդյունքում այն թանկացումները, որ այսօր մենք տեսնում ենք, չեն լինի: Այսինքն՝ գոնե նվազագույնը մենք հետ կգանք նախկին գներին։ Եվ տեսեք մյուս կարևոր հանգամանքը, օրինակ՝ նոր եկամտային հարկի, այսինքն՝ այն հարկային բեռը, որ ավելացել է՝ ակցիզային հարկի շնորհիվ պետական բյուջեն նոր մուտք է առաջացել, որովհետև դա նոր մուտք է ըստ էության, ակցիզային հարկ գոյություն չուներ: Դիզվառելիքի համար, հիմա կա դա, նոր մուտք է, սեղմված գազի համար, բայց տեսեք քաղաքացիների եկամուտները չի ավելացել դրանցից: Այսինքն՝ պետությունը մի կողմից հավաքում է քաղաքացիներից շատ մեծ գումարներ և դրա դիմաց չի մատուցում որակյալ ծառայություններ, և ավելին՝ չի բարձրացնում աշխատավարձերը, նպաստները և թոշակները, ըստ էության, եկամուտները չավելացնելով պետությունը քաղաքացիների ձեռքից վերցնում է նրանց եղած գումարները և սրա մեջ նաև մտնում են նույն տուգանքների համակարգը, որ վարչարարության արատավոր համակարգով գոյություն ունի, այսինքն՝ սա մի խնդիր չէ, համակարգային խնդիր է: Հենց այս համակարգային խնդիրների համար մենք դուրս ենք գալիս փողոց:

– Խոսենք մարտավարությունից, ի՞նչ քայլեր եք նախանշել, «Ելք»-ը քննարկում է նախագահի, վարչապետի իր թեկնածուին, կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասնական թեկնածուի հարցը կա օրակարգում: Քանի որ օրինակ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ այսինքն` 26 պատգամավոր, 9 հոգանոց «Ելքին» անհրաժեշտ է այլ խմբակցության աջակցությունը։

-Մենք դեռևս չենք հասել այդ քննարկմանը, որովհետև դեռ դրան ժամանակ կա, և այս պահին ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումը:

-Կարեն Կարապետյանը և կառավարության նախորդ ղեկավարները առաջին հայացքից հիմնավորված, գեղեցիկ տնտեսական ծրագրեր ու միջոցառումների ժամանակացույցեր են ներկայացրել հանրությանը, սակայն ՀՀ քաղաքացիների կյանքը որակապես չի փոխվել: Եթե դուք ներկայանաք վարչապետի ձեր թեկնածուով, ինչո՞վ է նա լինելու համոզիչ կամ ի՞նչ ծրագիր է ներկայացվելու:

– Երբ որ կլինի, կխոսենք, այս պահին չեմ կարող ասել: Կան հարցումներ, որ շատ մեծ տարբերություն կա նախկինում եղած ռեյտինգի ու այսօրվա եղած ռեյտինգի հետ կապված, այսինքն՝ ասել, որ վիճակը լավ է թե՛ իշխանությունների, թե՛ գործող վարչապետի, թե՛ նախագահի իմաստով, կարծում եմ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։

– Դուք դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ տեսակետ էիք հայտնել, որ «Ելք»-ը իշխանության հավակնող միակ ընդդիմադիր բևեռն եք համարում, և ընդհանրապես միակ ընդդիմադիրը հռչակվելու ձեր դիրքորոշումն այլ ուժերի կողմից բազմիցս քննադատվել է: Փոփոխություն կա՞ այս դիրքորոշման մեջ:

– Գիտեք, ես երբեք չեմ ասել, որ մենք միակ ընդդիմադիր ուժն ենք, ընդդիմադիր ուժեր շատ կան և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր առավել ևս շատ կան և, ըստ էության, ինչ-որ տիտղոս չի ընդդիմադիր լինելը, այլ դա պայքար է, ապրելակերպ է, անաչառություն, օբյեկտիվություն է, և ես չեմ կարծում, որ մեր երազանքն է միշտ լինել ընդդիմություն: Մենք մեր ծրագրերի իրականացման համար պետք է իշխանության գանք, որպեսզի այդ ծրագրերը իրականացնենք, հետևաբար միակ և անկրկնելի ընդդիմություն լինելու մեջ ես լավ բան չեմ տեսնում: Ես գտնում եմ, որ մեր գործողությունները, որոնք թե՛ նախընտրական շրջանում էին իրականացվում, թե՛ հիմա, դրանք բոլորը միտված են իշխանություն լինելուն, լծակներ ունենալուն, որի արդյունքում մենք կարող ենք մեր ծրագրերն իրականացնել, իսկ քանի դեռ ընդդիմություն ենք, մեր ունեցած լծակները և մեխանիզմներն օգտագործում ենք իշխանությանը փոխզսպելու և հակակշռելու համար: Սա է ընդդիմության դերը, իսկ թե ով է ընդդիմություն, ով է միակը, կամ կան ընդդիմություններ, թե ոչ, դա արդեն հնացած է, այլևս այն այսօրվա իրողություններին չի համապատասխանում: Կոնկրետ գոնե խորհրդարանի մակարդակում որպես ընդդիմադիր ուժ մեր քաղաքացիները ճանաչում են «Ելք» դաշինքին, այսինքն՝ մենք մեր գործողություններով ցույց են տալիս, որ հակակշռում ենք, փոխզսպում ենք և այլընտրանք են ներկայացնում:

– Ձեր ընդդիմախոսներից շատերը նշում են, որ «Ելք»-ն իր հասցեին հնչած քննադատություններն ու անգամ կառուցողական քննարկումները չի ընդունում, իր գործելաոճը համարում է ճիշտ բոլոր պարագաներում: Այս մասով ի՞նչ կասեք։

– Երբևէ չի եղել, որ ինչ-որ քննարկման մեզ հրավիրեն մենք չմասնակցենք կամ ինչ-որ քննադատություն չլսենք: Մենք տեսնում ենք, լսում ենք, գիտենք մեր մասին ինչ են խոսում, բայց մենք ունենք մեր առաքելությունները և չենք շրջվելու, ամեն քննադատության համար էներգիա ծախսենք, վիճենք փորձենք համոզել հակառակը: Յուրաքնաչյուր ոք ունի իր համոզմունքը, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, փորձագետ, հասարակական կազմակերպություն, քաղաքական ուժ իր մոտեցումն ու իր առաքելությունն ունի: Կարծում եմ՝ կարող են լինել այդպիսի ուժեր, որոնք համաձայն չեն մեր գործողությունների հետ, մենք 128 հազար քաղաքացու ենք ներկայացնում խորհրդարանում և կան մեկ միլիոնից ավելի մարդիկ, ովքեր մեզ ձայն չեն տվել, և բնականաբար, եթե համաձայն էին մեզ հետ, մեզ ձայն կտային: Նաև այսօր կարող են շարունակել անհամաձայնություն հայտնել, դա նորմալ է :

– «Ելք»-ը նաև բազմիցս մեղադրում է այն մարդկանց, ովքեր գնացել ու ընտրել են այս իշխանությանը, ընտրակաշառք վերցրել: Բայց չե՞ք կարծում, որ այս մեղադրական ոճով երկխոսելը ՀՀ քաղաքացուն վանում է ընդդիմադիր ուժի հետ հույսեր կապելուց:

– Մենք ասել ենք, որ այսօրվա իրողությունների պատճառը այն 10 հազար դրամով կատարված ընտրությունն է, այսօրվա քաղաքական մեծամասնությունը ձևավորված է այդ ճանապարհով: Դա է պատճառը, որ այսօր ունենք այդ թանկացումները և «Ելք» դաշինքի մտահոգությունը սրա հետ է կապված, միտված է մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ իրազեկելու, որ այն քաղաքացիները, որոնք 10 հազար դրամով են գնացել քվեարկության, նրանք նույնպես ունեն իրավունք և հնարավորություն շտկելու այդ թույլ տրված սխալը: Նրանք կարող են դուրս գալ փողոց և իրենց բողոքի արտահայտման միջոցով շտկել ամիսներ առաջ 10 հազար դրամով իրենց կատարած քվեարկությունը:

-Այսինքն, այսպես ասած, իրենց ընտրությունը «երեսով տալու խնդիր չկա՞։

– Ոչ, երեսով չենք տալիս, ուղղակի երբ որ մեզ ասում են՝ ինչո՞ւ չեք թոշակները բարձրացնում, պատասխանում ենք, որ ձեր քվեարկության արդյունքներով դուք ձևավորել եք այն իշխանությունը, որը այսօր ձեզ հետ վարվում է այսպես և եթե ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, պետք է ձայն տալ «Ելք» դաշինքին: Հիմա, եթե չեք արել այն ժամանակ, ունեք այլ հնարավորություններ սխալն ուղղելու տարբեր համայնքային ընտրությունների ժամանակ կամ սպասվող ապագա ընտրություններում կամ եղած հասարակական, հանրային, զանգվածային բողոքի միջոցառումների ժամանակ:

Անահիտ Հակոբյան

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ