Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ «Ելք»-ը թանկացումների դեմ բողոքի երթից հետո նստացույց հայտարարի

16/01/2018

«Ելք»-ը կազմակերպում է հանրային միջոցառում՝ երթ ընդդեմ թանկացումների: Սկսել են բողոքել երթուղայինների գծատերերը, վարորդները, որովհետև թանկացումները բոլորին են վերաբերում: Լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարորդների բողոքի մասին, որոնք դժգոհում էին վառելիքի գների թանկացումից՝ նշելով, որ գինը պետք է կա՛մ նվազեցնել, կա՛մ էլ թանկացնել ուղևորավարձը:

«Կապ չունի, թե ով ինչ հայացքների տեր է, ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարները՝ վարորդների առանձին պայքարը, ուղևորների առանձին պայքարը, արդյունք չի տա: Պետք է միասին դուրս գալ փողոց»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանն արդեն ծանուցված է, որ հունվարի 19-ին երթ է նախատեսվում: Մարուքյանն ասաց, որ իշխանությունները կգնան զիջումների ու կփոխեն Հարկային օրենսգիրքը, եթե բոլորը դուրս գան փողոց: Պատգամավորը նշեց, որ իրենք իշխանություններին զգուշացնում էին, որ փոփոխությունները նման արդյունք կունենան, մարդիկ դժգոհ կլինեն:

«Մեր տվյալներով՝ Հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են լուրջ խնդրի առաջ: Կա քաղաքական որոշում՝ մի կողմից թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, մյուս կողմից էլ կա Հարկային օրենսգրքի փոփոխություն, որով երեք անգամ թանկացել է սեղմված գազի ակցիզային հարկը: Եթե ուղեվարձը թանկացնեն, դա զանգվածային ակցիաների է հանգեցնելու, մնում է փոխել Հարկային օրենսգիրքը, որն էլ մենք պահանջում ենք»,- ասաց նա:

Հարցին՝ «Ելք»-ը նախատեսո՞ւմ է մասնակցել խորհրդարանում այս թեմային նվիրված լսումներին, պատգամավորը պատասխանեց, որ լսումների ժամանակ նոր բան չեն իմանալու: Ըստ նրա՝ լսումները նախաձեռնվում են այն դեպքում, երբ կա փորձագիտական կարծիքի կարիք:

Եթե երթից հետո իշխանությունը զիջումների չգնա, Մարուքյանի խոսքով, սպասվում է երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումը, գուցե ոչ երթի տեսքով: Չի բացառվում, նրա խոսքով, նստացույց էլ անցկացնեն. «Ամեն ինչ էլ հնարավոր է, որևէ բան չի բացառվում»:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ