Նախագծով թեթևացնում ենք տնտեսվարող ընկերությունների լիցենզիա հանելու հնարավորությունները. Մարուքյան
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը միտված է վտանգավոր թափոնների գործածության կարգավորմանը, այնպես որ տնտեսավարողների համար հնարավորություն լինի դաշտը բարելավել»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը։
Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտակ Զեյնալյանը։ Մարուքյանը ներկայացրեց, թե իրավիճակ կա ներկայումս գործող օրենսդրությամբ։
«Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար մեկ լիցենզիա է նախատեսվում: Մենք տնտեսվարողներից գանգատներ ենք ստացել, որ սա ենթադրում է, որ, օրինակ, վնասազերծում և պահպանում իրականացնելու համար պարտավոր ես նաև վերամշակում, փոխադրում և տեղադրում անելու վերաբերյալ փաստաթղթեր պատրաստել, 200 հազար դրամ պետական տուրք վճարել։ Մեզ եղել էր առաջարկություն՝ ներկայացնել այնպիսի նախագիծ, որի արդյունքում հեշտացված կարգով լիցենզիա տրամադրվի և ինչի համար դիմում է, դրա համար էլ պետական տուրք վճարի, ոչ թե 200 հազար դրամ, այլ ավելի ցածր: Սակայն կառավարության հետ քննարկումների արդյունքում եկանք հետևյալին, որ լիցենզիան կլինի մեկը, բայց այդ հինգ ուղղությունների համար կունենանք առանձին ներդիրներ»,- հայտնեց Մարուքյանը։
Նա տեղեկացրեց, որ պետական տուրքի մասով էլ եկան համաձայնության, որ առաջին ներդիրի համար 60 հազար դրամ գումար կլինի և յուրաքանչյուր ամեն հաջորդ ներդիրի համար 10 հազար դրամ կնվազի. «Այսինքն, եթե ցանկություն ունի գործունեություն իրականացնել, երկու ներդիրի համար կարիք կլինի 110 հազար դրամ վճարել` առաջինի համար 60 հազարդրամ, երկրորդի` 50 հազար դրամ: Այս նախաձեռնությամբ մենք թեթևացնում ենք տնտեսվարողների` լիցենզիա հանելու հնարավորությունները և նաև պետական տուրքը համապատասխան չափով նվազեցնում ենք»։
Ամփոփելով խոսքը՝ Մարուքյանն ասաց, որ այս նախագծով իրենք թեթևացնում են տնտեսվարող ընկերությունների լիցենզիա հանելու հնարավորությունները, մյուս կողմից էլ համապատասխան չափով նվազեցնում են լիցենզիա հանելու գումարը։
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ