Երբ Հարկային օրենսգիրք էիք փոխում, գիտեիք, որ սեղմված գազի հարկը 3 անգամ թանկացնում եք. չէի՞ք մտածում, որ շղթայական էֆեկտ է ունենալու. Է. Մարուքյանը` իշխանությանը
Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանին մեկնարկած նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովը հրավիրել է գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ, հիշեցրեց, որ այս հարցին անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հետաքրքրվեց`արդյո՞ք խորհրդարանական լսումներ են հրավիրել՝ վերագրելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին:
Արա Բաբլոյանը պատասխանեց, թե հավանաբար պատգամավորը լավ չլսեց, քանի որ լսումներ հրավիրվել են ոչ Նախագահի հանձնարարականով: «Ասացի, որ այդ հարցին անդրադարձել է նաև Նախագահը, իսկ սա մեր նախաձեռնությունն է։ Ավելին` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը` որպես աշխատանքային, ծրագրային մոտեցում, պետք է ժամանակ առ ժամանակ նման հարցերի շուրջ մշտադիտարկում մտցնի և վերահսկողության տակ պահի»,- ասաց նա:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Նշվեց, թե պետք է խորհրդարանական լսումներ անցկացվեն, և այս քննարկումներից այնպիսի տպավորություն է, թե իբր իշխանությունը նոր է իմացել, որ նման թանկացումներ կան և ուզում է դեմն առնել»,- ասաց նա և նշեց, որ երբ Հարկային նոր օրենսգիրք էին փոխում և ակցիզային մասին օրենքը, իրենք էլ գիտեին, որ, օրինակ, սեղմված գազի հարկը 3 անգամ թանկացնում են:
«Չէի՞ք մտածում, որ շղթայական էֆեկտ է ունենալու: Այս լսումներն ընդհանրապես անիմաստ են, որովհետև գազի բաց թողնման միջոցառում է»,-ասաց նա և նշեց, որ միակ տարբերակը օրենսդրական փոփոխություններն են: «Այս հարթակներում քննարկումները սպառվել են, բոլորը առաջարկները մերժվել են, իսկ դուք ուզում եք իմաստուն դեմքերով գալ ու քննարկել, թե` գիտեք ինչ կա, ուզում ենք քննարկել»,-ասաց նա և կոչ արեց քաղաքացիներին մասնակցել հունվարի 19-ին «Ելք»–ի նախաձեռնած երթին:
Վարման կարգով խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալները ապարանքների գնաճի մասով. Նա արձանագրեց` թվերը սարսափելի են:
«Սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը շղթայական բերելու է մնացած ապրանքների թանկացման, գնաճը հսկայական է՝ 20-30 տոկոսի է հասնում: ԱՎԾ-ի հրապարակումը ցույց է տալիս, որ դեռ գնաճի թվերը էականորեն նվազեցվել են»,-ասաց նա և նշեց, թե այս իրավիճակում գնաճի առաջն առնելու տարբերակը միայն հարկային օրենքների փոփոխությունն է:
«Խորհրդարանական մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի քաղաքացիները դուրս չեն եկել ու իրենց բողոքն արտահայտել»,-ասաց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կոչ արեց դուրս փողոց և մասնակցել բողոքի երթին: «Տպավորություն է, որ այս կառավարությունը չարի վերջի հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է պետության գլխին: Այս իշխանությունը, բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, այլ ձևով աշխատելու ի վիճակի չէ»,-ասաց նա: