ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Վիկտոր Դալլաքյանն իրար հետ չեն խոսում
Թիվ 30 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանին հաղթած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և Վիկտոր Դալլաքյանն իրար հետ չեն խոսում: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում 30 ընտրատարածքում պարտվեց նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
-Պարոն Մարուքյան, կուսակցությունները խորհրդարանական համակարգին անցնելու խորհրդակցություններ են սկսել նախագահական ընտրություններից առաջ: Դուք` որպես անկախ պատգամավոր, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:
-Ես կարծում եմ, որ դա շատ լավ, եվրոպական մոդել է: Սակայն այն Հայաստանում, որտեղ որ մենք ապրում ենք, կարծում եմ, որ այս պահին դա չի կարող մեզ տանել արդյունավետ կառավարման: Մեր խնդիրները թաղված չեն կառավարման մոդելի մեջ, մեր խնդիրները այլ տեղ են: Մենք կարող ենք անցնել խորհրդարանական կառավարման մոդելի և ունենանք ավելի վատ վիճակ, քան հիմա է: Ներկայացվելիք խնդիրը ինձ համար արհեստական է:
-Շատերը դա դիտարկում են որպես քաղաքական առևտրի տեսակ:
-Ես չգիտեմ` դա ինչ է: Մտածում եմ, որ դա գաղափար է, որը դրվել է շրջանառության մեջ , որով քաղաքական ուժերը կոնսոլիդացվում են կամ ոչ:
-Առաջիկա նախագահական ընտրություններում որպես անկախ պատգամավոր ո՞ւմ եք ընտրելու, սատարելու:
-Ժամանակը կգա, կտեսնենք: Դեռ սպասենք` առաջադրումները լինեն, ծրագրերը ներկայացվեն, նոր կորոշեմ: Ես դեռ պատկերացում չունեմ, թե նախագահական ընտրություններում ինչ է լինելու:
-Այս կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք Ձեր ընտրատարածքի համար ինչ-որ խնդիրներ լուծել:
-Այո, տարբեր հարցեր եղել են, որ իմ կողմից բարձրացվել են, և արձագանքներ են ստացվել: Բյուջեի առաջարկներ ունեմ ներկայացված. սպասենք, տեսնենք` կընդունվի՞, թե՞ ոչ, և ինչ հիմնավորումներ կբերվեն: Օրինակ` դպրոցաշինության հետ կապված առաջարկ եմ ներկայացրել` կապված իմ ընտրատարածքի հետ:
-Ընդդիմադիր տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ 2012թ-ի բյուջեն իր վրա ավելի մեծ բեռ էր վերցրել, քան 2013թ-ին: Դուք համամի՞տ ենք, թե՞ ոչ:
-Ես 2012 և 2013թ-ի բյուջեներից տեղեկանք ունեմ, որից երևում է, որ 2013-ի համար ավելի մեծ ծախսեր են արվում: Այսքանը կարող եմ ասել:
-Թիվ 30 ընտրատարածքում հաղթեցինք նախկին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Արդյո՞ք ԱԺ միջանցքներում, Աժ-ում հանդիպում եք, թե՞ ոչ, և ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:
-Մենք մինչև ընտրությունները ծանոթ չենք եղել: Հիմա էլ ծանոթ չենք որպես այդպիսին: Այո, միջանցքներում, դահլիճներում եղել է, որ հանդիպել եք:
-Իսկ խոսե՞լ, բարևե՞լ եք, թե՞ ոչ:
-Չէ, չէ: Այսինքն`եղել է, որ բարևել ենք, բայց չենք խոսել:
Աղբյուրը` http://shamshyan.com/arm/8Uut5zFGNX.html
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ