Ինչպիսի՞ն կլինի «Ելք» դաշինքի հետագա ճակատագիրը. Է. Մարուքյանը նշում է, թե ընտրությունների մասնակցության մի քանի տարբերակ է քննարկվում

23/06/2018

«Քննարկումներ եղել են, և երբ կոնկրետ, հստակ որոշում ունենանք, կհայտարարենք: Այս պահին դաշինքը գործում է շատ ակտիվ և կառավարության աջակցությունն է ապահովում թե՛ խորհրդարանում, թե՛ Երևանի ավագանիում»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով մեր լրագրողի այն հարցին, թե «Ելք» դաշինքի ուժերի միջև ինչ քննարկումներ են տեղի ունենում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ կապված:
Նրա պնդմամբ՝ մի քանի տարբերակներ են քննարկվում. «Որոշելու հարց է՝ դաշինքը պահպանելու, մեկ կուսակցություն հիմնադրելու կամ այլ ֆորմատներով մասնակցելու: Ես կարծում եմ՝ բարդ չի լինի, կունենանք հնարավորություն քննարկումների և կոնսենսուսի շրջանակներում որոշում կայացնելու»:

Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը միայնակ գնա ընտրությունների, Էդմոն Մարուքյանը նշեց, թե քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ.

«Քաղաքականության մեջ որևէ բան չի կարելի բացառել, քննարկումների արդյունքում կորոշենք և եթե որոշենք, որ երեք ուժերն առանձին-առանձին են մասնակցում, առանձին-առանձին կմասնակցեն, եթե որոշենք՝ դաշինքը պահպանում ենք, ավելի ենք մեծացնում, այդ ճանապարհով կգնանք: Մենք դաշինքի հուշագրում կետ ունենք, որ պետք է բանակցություններ սկսենք մեկ կուսակցություն դառնալու վերաբերյալ»,- նշեց Էդմոն Մարուքյանն՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ դաշինքի շրջանակներում աշխատանքը շարունակելու հետ կապված տարաձայնություն չկա այդ երեք քաղաքական ուժերի միջև. «Որևէ տարաձայնություն այս պահին աշխատելու, շարունակելու չունենք, ապագայի հետ կապված տարբեր տեսլականներ կան, տեսնենք, որոշում կկայացնենք, կարծում եմ՝ այդ որոշումն այնպիսին կլինի, որ կբավարարի և՛ քաղաքացիներին, և՛ դաշինքի ուժերին»:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կուտակային համակարգի ներդրմանը, նախատեսվող նոր փոփոխություններին, ինչպես նաև վերջին շրջանի սկանդալային կոռուպցիոն բացահայտումներին:

Gala TV

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր