«Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլեւս չկա, կասեք, որ «Ելք»-ը չկա». Էդմոն Մարուքյան

28/08/2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարցը: Հարցը չի հասել նրան, որ նույնիսկ չհամաձայնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների մասնակցությունը «Լույս» դաշինքով, արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագրի» հետ անհամաձայնության եւ հակասությունների արդյունք էր: «Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, իսկ մենք որոշել ենք մասնակցել երկու ուժով: Այստեղ որեւէ հարց չկար չհամաձայնելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը, հավելելով, որ ՔՊ-ի հետ իրենք «բնական դաշնակիցներ» են, ինչը, իր կարծիքով, բոլորի համար ակնհայտ է: Ինչ վերաբերվում է ՔՊ-ի հետ համագործակցությանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ համագործակցության «դուռը միշտ բաց է»: Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ ակնկալիքներ ունեն ավագանու ընտրություններից, հաշվի առնելով, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը մեծ է: Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք բոլոր 11 թեկնածուներին էլ համարում են լուրջ մրցակիցներ, բայց միաժամանակ ինքը կարծում է, որ Արտակ Զեյնալյանը եւ իրենց թիմը հզոր է. «Մենք լավ շանսեր ունենք: Վերջին 15-20 տարիների ընթացում առաջին անգամ լինելու է արդար ու հավասար ընտրություններ: Երեւանի բնակիչները կորոշեն, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը, հարցումներն էլ չունենք, որ ասեմ, թե ո՞վ ինչքա՞ն ձայն ունի»: Նա կարծում է, որ ընտրական գործընթացներն ուղեկցվելու են թեժ բանավեճերով եւ ծրագրերի ներկայացմամբ: «Այն, որ ուժերն աջակցում են կառավարությանը, դա դեռ չի նշանակում, որ համաձայն են մեկը մյուսի ներկայացրած կառավարման մոդելի հետ: Բանավեճերը սրա շուրջ պետք է լինեն, այլ ոչ թե նախկին քաղաքական մշակույթի պես, որ մեկը մյուսի վրա ցեխ շպրտի»: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափերի մասին Էդմոն Մարուքյանը չի ցանկանում խոսել այն պարզ պատճառով, որ դրանց անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն: Որոշումներն, ասում է, կկայացնեն ըստ հետագա հստակեցումների: Էդմոն Մարուքյանը չի կիսում լրագրողների այն դիտարկումները, որ «Ելք» դաշինքն այլեւս գոյություն չունի: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց համատեղ հուշագրի մասին. «Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլեւս չկա, հուշագիր այլեւս չի գործում, այն ժամանակ կասեք, որ «Ելք»-ը չկա»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առավոտ – Լուրեր Հայաստանից

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Նախընտրական նյութեր