Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն

08/09/2018

Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնոդրությունը։ Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ։

Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։

Առաջարկվում է սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2017 թ. հունվարի 1-ից հարուցված բոլոր քրեական գործերի վրա։

Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Մյուս կողմից՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի։

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ