Համաներումն այլընտրանք չունի

01/10/2018

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։ Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված և կալանավորված անձանց ու նրանց ընտանիքների համար, մյուս կողմից զգալիորեն կբեռնաթափվեն խիստ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները։

Նախնական քննարկման արդյունքում կառավարությունում դիրքորոշումը բացասական է, սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։

Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում և ըստ այդմ գտնում եմ, որ շուտափույթ պետք է համաներման մասին օրենք ընդունվի, որը, համաձայն Սահմանադրության 117-րդ հոդվածի, կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից։ Այսպիսով գնդակը կառավարության դաշտում է։

Էդմոն Մարուքյան

Բաժին: featured, Օրենսդրական նախաձեռնություններ