Բելառուսի նախագահն ըստ էության խայտառակել է այն ռեսպուբլիկան, որը ինքը ներկայացնում է
«Երբ մենք ասում էինք՝ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, մեզ ասում էին՝ վայ, դուք մեր դաշնակիցներին բան եք ասում: Մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնությունն է. Բելառուսը և մյուս ուժերը ավելի պրոադրբեջանական, պրոթուրքական ուժեր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի՝ Փաշինյանին հասցեագրված արձագանքին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը շարունակում է. «Նույնը ԵԱՏՄ-ի հետ կապված ենք ասել. ասել ենք՝ Ռուսաստանի հետ եղեք երկկողմ, ամեն ինչ արձանագրեք, աշխատեք, բայց երբ ներգրավում եք ուրիշ երկրների, դրանք դառնում են Ադրբեջանի, Թուրքիայի լոբբիստները այդ կառույցում»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Բելառուսի նախագահն ըստ էության խայտառակել է այն ռեսպուբլիկան, որը ինքը ներկայացնում է. ««Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»»՝ սա էդ է: Նա ինքը իր ներկայացնող հանրապետությունը խայտառակել է, որովհետև ցույց է տվել, որ ենթակայության մեջ է գտնվում ինչ-որ երկրի, որն ըստ էության ՀԱՊԿ անդամ չէ, ԵԱՏՄ անդամ չէ, իսկ թե ինչո՞ւ է ենթակայության մեջ՝ երևի ներդրումների պատճառով: Ավելին՝ կանչում է այդ երկրի դեսպանին (կարող էր զանգել նախագահին և նույնը զեկուցեր, հրապարակայնորեն ցույց տար, որ շփում կա, բայց գոնե կլիներ հավասարը հավասարի մակարդակով), դեսպանին է զեկուցում փակ գաղտնի քվեարկվածը, նաև նկարահանում է, որ ցույց տա՝ հո միամիտ չի՞ նկարահանում: Դա նշանակում է, որ ինքը անընդհատ ուզում է քծնել այդ երկրին, որը դաշնակցային երկիր չէ ՀԱՊԿ-ում: Հետևաբար վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները, բնականաբար, ողջունելի են: Ավելին ասեմ՝ իրենք իրենց հայտարարությամբ փաստորեն ուզում են իրենց վատ վիճակից ելք գտնել»։
Մարուքյանի կարծիքով՝ այստեղ վատ վիճակում է հայտնվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որովհետև պետք է փորձի գործընկերների միջև եզրեր գտնել, որ չքանդվի այդ կառույցը: «Վերջին հաշվով, ո՞վ է դոմինանտ ուժը, ո՞վ է հիմնադրել այդ կառույցը՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը հավելեց. «Եվ հիմա միանշանակ՝ և՛ դիվանագիտական էթիկայի համատեքստում, և՛ դաշնակցային համատեքստում, և՛ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք էն մյուս երկրի հետ ունենք թշնամական հարաբերություններ, բոլոր այս հանգամանքները հաշվի առնելով՝ նրանք գործել են միջազգային դիվանագիտական և՛ էթիկայի, և՛ դաշնակցային պայմանավորվածությունների կոպիտ խախտումներով: Հետևաբար վարչապետի պատասխանը շատ նորմալ պատասխան է, թե՝ «ես բացատրություններ եմ պահանջելու, դուք իրավունք չունեիք դա անելու»: Ի՞նչ կա այստեղ էդպես զարհուրելի: Դա նշանակում է, որ դուք պետք է պատասխան տաք նախ՝ մեր փակ քննարկման ժամանակ եղածը բացահայտելու համար, երկրորդ՝ մեր թշնամուն այդքան ենթակայություն ցուցադրելու և նաև ցույց տալու, որ դուք նրանց լոբբինգի շնորհիվ եք լոբբինգ անում, որ Հայաստանի ներկայացուցիչը չլինի: Այսինքն՝ ստացվում է, որ դաշինքից դուրս մի ուժ ազդեցություն ունի և ազդում է դաշինքի որոշումների վրա: Ընդ որում, երևի Խաչատուրովի նշանակման ժամանակ ևս ազդել են՝ Խաչատուրովի նշանակումը շատ երկար տևեց»։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ լոբբինգը նաև այն ժամանակ է եղել. «Միգուցե Ռուսաստանի միջամտությամբ չի ստացվել, իսկ հիմա արդեն ակնհայտ է դարձել այս լոբբինգը»:
«Ես շատ կցավեմ, որովհետև մենք այստեղ նաև լուրջ պրոբլեմ ենք ունենալու անվստահության՝ առանց այն էլ մի մեծ հավատ չենք տածում դեպի ՀԱՊԿ կառույցը: Սա գործընկերային, դաշնակցային հարաբերություններին լուրջ հարված է: Եվ երբ մենք ասում ենք, որ այդ անվտանգության կառույցը ուղղակի մնացել է թղթի վրա և իր ստեղծման օրվանից ոչ մի հաջողության պատմություն չունի՝ իզուր չենք ասել: Ասել ենք «Ելքի» ժամանակ, ասում ենք հիմա, և այժմ իրենք իրենց գործողություններով ապացուցում են, որ մենք ճիշտ էինք. երբ «Ելքի» ծրագիրը գրում էինք, գրում էինք, որ բազմաթիվ հարցեր ունենք իրենց, և այդ հարցերը հիմա բացվել են, և հիմա էլ ունենք այդ հարցերը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
1in.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ