Էդմոն Մարուքյանն ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է

25/12/2012

«Մանդատ» ՀԿ-ի կողմից մշտադիտարկում իրականացնող www. parliamentmonitoring.am կայքի տվյալներով` ամենաակտիվ պատգամավորների տասնյակում մեծամասնական ընտրակարգով ընտրված միակ պատգամավորը Էդմոն Մարուքյանն է:

Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանն այսօր հաշվետվություն ներկայացրեց ԱԺ 5-րդ գումարման աշնանային նստաշրջանում իր պատգամավորական աշխատանքի վերաբերյալ: Ընտրվելուց անմիջապես հետո նա ձեռնամուխ է եղել իր նախընտրական ծրագրի, նախընտրական խոստումների իրականացմանն ու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Պատգամավորի նախաձեռնությամբ բազմաթիվ առաջարկներ, նախագծեր քննարկման առարկա են դարձել կամ քննարկման արդյունքում ընդունվել են որպես լրացումներ ու փոփոխություններ գործող օրենքներում:

Մասնավորապես, պատգամավորն արդարադատության նախարարից պահանջել է վերականգնել լուծարված, բայց ըստ էության գործող ՀԿ-ների իրավաբանական անձի կարգավիճակը` մատնանշելով, որ օրենքը, որի ուժով լուծարվել են ՀԿ-ները, հակասահմանադրական է: Արդյունքում` նրա ներկայացրած բոլոր ՀԿ-ների իրավաբանական անձի կարգավիճակը վերականգնվել է:

Շրջանառության մեջ է դրվել նրա` նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում անընդմեջ, 2 անգամից ավել ընտրվելու արգելքը վերականգնելու մասին առաջարկությունը, որի արդյունքում անձը կզրկվի անսահմանափակ ընտրվելու հնարավորությունից:

Կրթության և գիտության նախարարին իր մտահոգությունն է հայտնել օրենքի այն խմբագրման վերաբերյալ, որ ուսուցիչ կարող է աշխատել վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարի կոնկրետ առարկա դասավանդած բարձրագույն կրթությամբ քաղաքացին: Ըստ նրա` նման սահմանափակումը կարող է խոչընդոտներ առաջացնել գյուղական համայնքներում:

Առաջարկություն է ներկայացրել Կառավարությանը` 2013-ին պետական բյուջեում գիտության ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է, որի արդյունքում գիտությանը տրամադրվող գումարն ավելացել է 276.5 մլն դրամով:

Պահանջել է մարզերից Երևան տեղափոխված 51 պատմամշակութային հուշարձանները վերադարձնել իրենց նախնական պատմական վայրերը և միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Օրենսդրական նախաձեռնությամբ պատրաստվում է օրենքում լրացում կատարել, որ հետագայում հուշարձանների տեղափոխումը հնարավոր դառնա միայն հանրային քննարկումների արդյունքում:

Հարց է բարձրացրել դրամական ավանդների փոխհատուցման վերաբերյալ, որ ավանդատիրոջ մահվանից հետո փոխհատուցման գումարը նրա ժառանգին տրվի: Նրա այս առաջարկությունը քննարկվում է Կառավարությունում:

Հարց է բարձրացրել Վանաձորի 3-րդ կարգի վթարայանության 84 շենքերի վերաբերյալ, որոնց շուրջ 2700 բնակիչներն ակնկալում են կառավարության աջակցությունը` այդ շենքերի ամրացման հետ կապված: Կառավարության պատասխանի համաձայն` պետք է նոր ուսումնասիրություն կատարվի, որի արդյունքում կլուծվի խնդիրը` բնակիչների և կառավարության համատեղ ջանքերով:

Մտահոգություն է հայտնել չսահմանված վայրերում մանր առևտուր իրականացնողների նկատմամբ վարչական առավել մեծ տուգանքներ նշանակելու մասին:

Առաջարկել է, որ Վարչական դատարանում 2013 հունվարի 1-ից ավելացված 10 դատավորներից 1-ը Վանաձորում նշանակվի, որպեսզի վարչական գործերի քննությունն արագացվի, և վանաձորցիները ստիպված չլինեն ամիսներով սպասել իրենց վարչական վեճերի լուծմանը:

Նրա առաջարկի շնորհիվ ոչ թանկարժեք մետաղից թիթեղյա առարկաների պատրաստումն ու նորոգումն այսուհետ կհամարվի արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ, ինչի արդյունքում կթեթևանա նման գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը:

Առաջարկություն է ներկայացրել, որ ՀՀ-ում արտադրված, սև մետաղից պատրաստված խողովակների ու դրանց կցամասերի համար պետտուրք չսահմանվի: Առաջարկությունն ընդունվել է:

Առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, որ վարժարանի ուսուցիչների աշխատանքը ևս համարվի մասնագիտական ստաժ, և ըստ այդմ հաշվարկվի նրանց կենսաթոշակը. խնդրի լուծման համար պատրաստվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ:

Հարց է բարձրացրել օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների` ՀՀ տարածք մուտք գործելու ժամանակ սահմանային անցակետում գանձվող տուրքերի վերաբերյալ:

Աղբյուրը` http://www.1in.am

Բաժին: Մամուլ