Ամենաակտիվ պատգամավորների տասնյակում գտնվող Էդմոն Մարուքյանը մոտ ժամանակներս չի պատրաստվում քաղաքական որեւէ ուժի միանալ

25/12/2012

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ է եւ մոտ ժամանակներս չի պատրաստվում որեւէ ուժի միանալ:

«Քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ եմ եւ մոտ ժամանակներս էլ չեմ պատրաստվում որեւէ ուժի միանալ: Հետագայի համար, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա, քաղաքականության մեջ որեւէ բան չեմ բացառում, քանի որ հնարավոր է ԱԺ-ում ավելի արդյունավետ աշխատելու համար նպատակահարմար լինի մեկ կամ մի քանի քաղաքական ուժի հետ համագործակցել: Ժամանակը ցույց կտա»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Թեեւ Էդմոն Մարուքյանը միակ անկուսակցական պատգամավորն է, ով այս տարի ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրվեց ու հաղթանակ տարավ, այնուամենայնիվ, ինչպես ինքն է ասում, «մենակ» լինելը չի խոչընդոտում իր ակտիվությանը:

«ԱԺ-ում կան 131 պատգամավորներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ մանդատ: Եթե նայենք մենակության տեսանկյունից, ապա բոլորը մենակ են: Օրենսդիր աշխատանքի տեսանկյունից իմ գիտելիքները, հմտությունները, փորձը ինձ թույլ են տալիս տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Այլ բան է, որ ԱԺ-ում կա քաղաքական մեծամասնություն, ու եթե կողմ չլինի քո նախաձեռնությանը ու չկարողանաս նրան ինչ-որ կերպ համոզել, դա կարող է ուղղակի չքվեարկվել կամ դեմ քվեարկվել ու չանցնել: Սա միանշանակ իրողություն է, եւ այդ առումով թե ես, թե մյուս բոլոր ֆրակցիաները, որոնք քաղաքական մեծամասնության կամ կոալիցիայի մեջ չեն, նույն վիճակում են, ինչ որ ես »:

Խոսելով հաջողությունների մասին` Էդմոն Մարուքյանը նշեց, որ լինելով «մենակ»`կարողացել է բազմաթիվ օրենքներում փոփոխությունների հասնել:

«Ես «մենակով» հասել եմ նրան, որ, օրինակ, տարբեր օրենքներում փոփոխություններ են կատարվել, ես «մենակով» հասել եմ նրան, որ տարբեր հարցերով կառավարությունը քննարկումներ է կազմակերպել, քննարկել է եւ տարբեր լուծումներ է առաջարկել: Ես «մենակով » հասել եմ նրան, որ «Մանդատ» հ/կ-ի կողմից մշտադիտարկում իրականացնող www. parliamentmonitoring.am կայքի համաձայն` ես ընտրված 131 պատգամավորներից միակ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն եմ, որ գտնվում եմ ամենաակտիվ պատգամավորների տասնյակում, իսկ 41 մեծամասնականների մեջ էլ առաջինն եմ ակտիվությամբ»:

Ներկայացնելով պատգամավորության ընթացքում ձեռք բերած հաջողություններն ու ամփոփելով դրանք` պատգամավոր Մարուքյանը նշեց, որ այս տարի արդեն 4 օրենքի նախագիծ ունի շրջանառության մեջ դրված:

«Առաջինը կապված է տեղական ինքնակառավարման եւ ընտրական օրենսդրության հետ, երկրորդը` հուշարձանների խնդիրն է, մյուս օրենսդրական նախաձեռնությունները ընթացքի մեջ են, եւ ես միջազգային փորձի ուսումնասիրություն եմ կատարում` ավելի հիմնավոր առաջարկներ ներկայացնելու համար, որոնք արդեն, կարծում եմ, կհասցնենք շրջանառության մեջ դնել հունվար ամսվա ընթացքում »,-եզրափակում է Էդմոն Մարուքյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Աղբյուրը` http://www.aravot.am/

Բաժին: Մամուլ