Էդմոն Մարուքյան․ Այս անգամ մարդիկ ավելի անկաշկանդ են

07/12/2018

Քարոզարշավի վերջին օրը որոշ քաղաքական ուժեր Վանաձոր էին այցելել ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ասում է, որ աղետի գոտին իրենց համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում է: Ընդ որում, ըստ Մարուքյանի, խնդիրը պետք է լուծվի նախկին իշխանությունների օրոք երկրից թալանված գումարներով:

Մոտավոր հաշվարկներով, ըստ Մարուքյանի, 50 միլիոն դոլար է անհրաժեշտ խնդիրն արմատապես լուծելու համար․ – «Նոր Հայաստանում սա այլևս չլպիտի լինի: Սա շատ արագ պետք ա լուծել: Սա մարդկային արժանապատվության, մարդկային բնական, բազային իրավունքների խնդիր է: Երբ որ ասում են, օրինակ, Սաշիկը 30 միլիոն դոլար ա վերադարձնում, չգիտեմ ով եսիմ ինչ ա վերադարձնում, պետք ա էդ գումարները ուղղել էդ խնդրի լուծմանը, բնակարան առնել երկրորդային շուկայից և տալ մարդկանց, ընտանիքներին: Տվեցիր բնակարան՝ տնակը հանում ես․․․ Արագ-արագ էս տեմպով պետք ա լուծել»:

Ամփոփելով քարոզարշավը՝ Մարուքյանն ասաց, թե հաղթահարել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարդությունները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մարդիկ ավելի անկաշկանդ են․ – «Ֆունդամենտալ, կարևոր հանգամանք է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինի երկրորդ քաղաքական միավորը ապագա խորհրդարանում: Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ միաբերան ասում են, որ այո, դուք պետք է լինեք երկրորդը: Մնում է ուղղակի դեկտեմբերի 9-ին մեր քաղաքացիները գնան ընտրատեղամասեր և իրենց քվեարկությամբ այդ խնդիրը լուծեն»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը հավատացած է, որ մարդիկ հասկանում են «ով ով է»: Ըստ նրա, հեղափոխությունը դեռ առջևում է, իսկ իրենց առաքելությունն այս պահին հեղափոխությունն իրականություն դարձնելն է․ – «Այն, որ հորջորջում են, որ հեղափոխություն է տեղի ունեցել, իրականում տեղի է ունեցել մարդափոխություն, և հեղափոխությունը առջևում է: Որպեսզի այն դառնա իրական, լիարժեք, պետք է ամեն մեկը իր կենցաղում, իր շրջապատում զգա դրա դրական պտուղները: Դրա համար պետք է հեղափոխությունը ունենա հստակ օրակարգ»:

Ռուստամյանը նաև վստահեցնում է, թե, իրենց նախկին փորձը հաշվի առնելով, Դաշնակցությունը այնպիսի կոալիցիայի մաս չի կազմի, որտեղ առանց իրենց որոշումներ կկայացվեն․ – «Մենք հայտարարել ենք, որ այն, ինչ որ մինչև հիմա արել ենք, լավ կյանքից չի, որ արել ենք, որովհետև այլ ձևով հասնել հաջողությունների ունենալով հինգ, վեց կամ յոթ մանդատ Ազգային ժողովում, բացառված էր, և դրա համար մենք ստիպված գնացել ենք այդ համագործակցությանը, բայց՝ մեր օրակարգը պարտադրելով»:

Ավելի վաղ 88-ի երկրաշարժի զոհերի հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցին «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները, ավելի ուշ՝ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները:

Azatutyun

Բաժին: featured, Մամուլ