Վանաձորի տնակային ավանի և 84 վթարային շենքերի հարցն օրակարգում է
Օրերս վանաձորցի լրագրողների հետ ասուլիսում պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանը, պատասխանելով տեղական խնդիրներով հետաքրքրվողների հարցերին, տեղեկացրեց, որ այս պահին իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի 4 նախագծերով փոփոխություն է առաջարկել՝ ՏԻՄ և ընտրական օրենսդրության հետ կապված:
Նախընտրական շրջանում բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ ժամանակին համայնքի ղեկավարներն ունեին արգելք, որ 2 անգամ անընդմեջ ընտրվելուց հետո այլևս չէին կարող առաջադրվել՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու: Մարուքյանն առաջարկում է վերացնել փոփոխությունը և վերադառնալ հին իրավակարգավորմանը, որի համաձայն՝ համայնքի ղեկավարը կարող է ընտրվել 2 անգամ անընդմեջ՝ 4 տարի ժամկետով:
«Սա տեղական ժողովրդավարության զարգացմանը չխոչընդոտելու, նաև նոր գաղափարներ կրող անձանց, նոր, 21 դարի լիդերներին ճանապարհ տալու համար է, որովհետև երբ անընդհատ մի մարդ մի տեղում ընտրվում է, նոր մարդիկ սկսում են ի հայտ չգալ, նաև դժվարանում է նախընտրական պայքարում որևէ փոփոխության հասնել այս առումով»,- նշեց պատգամավորը՝ բերելով Գյումրիի օրինակը, որտեղ, եթե նշված արգելքը չլիներ, կարիք էլ չէր լինի ինչ-որ մեթոդների, բանակցությունների, «համոզելու» միջոցով հասնել նրան, որ գործող քաղաքապետը չառաջադրվի:
«Եթե իրավակարգավորում ունենայինք, 2 ժամկետ կաշխատեր և պատվով ու փառքով կգնար այլ աշխատանքի կամ թոշակի»,- հավելեց պատգամավորը:
Կառավարության առջև բարձրացրած՝ Վանաձորի 84 վթարային շենքերի ամրացման խնդրի վերաբերյալ պատգամավորը նշեց, որ հարցին տարածքային կառավարման նախարարն է պատասխանել՝ ասելով, որ 84 շենք ամրացնելու համար երկար ժամանակ է պետք և մեծ ֆինանսական ռեսուրսներ: Շեշտադրում է արվել, որ այդ շենքերի բնակիչները պետք է մասնակցություն ունենան ամրացման, վերանորոգման աշխատանքներին, որովետև շենքերի մեծ մասն իրենց բնակարաններով սեփականաշնորհված են:
«Կարծում եմ, որ կառավարությունը պետք է որոշակի ուսումնասիրություն իրականացնի, շենքերը ֆիլտրացիայի ենթարկի, և ամենաանհրաժեշտ շենքերն ընտրվեն, որոնք եթե չվերանորոգվեն, վթարայնության աստիճանն ավելի կբարձրանա, և բնակվել հնարավոր չի լինի»,-որպես խնդրի լուծում՝ նշեց Էդմոն Մարուքյանը:
Թե երբ կսկսվեն այդ շենքերի ամրացման աշխատանքները, ինչպես, ինչ ֆինանսական միջոցներով, պատգամավորը չգիտի. կառավարության հարցուպատասխանի ժամանակ այդ հարցին անդրադարձ չի եղել:
«Բայց կարևորն այն է, որ հարցն անընդհատ մեր կողմից բարձրացվի, անընդհատ օրակարգային պահվի, որ եթե մի օր ազատ ֆինանսական միջոցներ ունենան, մտածեն, թե որ ուղղությամբ ուղղեն: Գիտեն, որ սեղանի վրա կա դրված 84 շենքերի հարցը»,- ասաց պատգամավորը:
Կառավարության օրակարգում է նաև Վանաձորի տնակային ավանի բնակիչների բնակապահովման խնդիրը: Նրանք հիմնականում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածներ են: Պատգամավորի փոխանցմամբ՝ նրանց մի մասը տուն է ունեցել, բայց ինչ-ինչ պատճառերով վաճառելով՝ եկել տնակում է ապրում: Մի մասը երկրաշարժի հետևանքով տունը կորցրել, հետո տուն ստանալով՝ վաճառել է ու շարունակել տնակում ապրել, մի մասն էլ ուղղակի գյուղերից եկել է Վանաձոր, տնակ է դրել ու ապրում է:
«Ինչքանով է նրանց պահանջը հիմնավոր և հնարավոր այսօրվա մեր պետական միջոցների շրջանակներում, պետք է ասեմ, որ մոտակա ժամանակներս ես չեմ տեսնում, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր լիենեն: Բայց հարցն անընդհատ բարձրացվում է և օրակարգում է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Աղբյուրը` http://hetq.am/
Բաժին: Մամուլ