«Ինձ մի տեսակ բլոկադայի ենթարկված եմ զգում». Էդմոն Մարուքյան

27/12/2012

Թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, անկուսակցական  Էդմոն Մարուքյանն անցնող տարին համարում է հագեցած: Անկախ պատգամավորն ասում է, որ խորհրդարանական իր մի քանի ամիսների ընթացքում հասցրել է բավական աշխատանք կատարել, սակայն դժգոհ է, որ պատգամավորական գործունեության շրջանակը սահմանափակված է:

«Այն միսիան, որը ստանձնելով եկել եմ ԱԺ, կարծում եմ՝ կատարում եմ: Բավական ակտիվ գործունեություն եմ ծավալել, բայց գնահատականը, կարծում եմ՝ ես չէ, որ պետք է տամ, ընտրողներս պիտի տան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն  Մարուքյանը:

Նա նշեց, որ իր ընտրողներին խոստացել էր ԱԺ աշնանային նստաշրջանում տնակային ավանում ապրող մարդկանց  խնդիրը բարձրացնել, անդրադառնալ Վանաձորի 80 վթարային շենքերին, ակտիվ լինել բնապահպանական խնդիրների քննարկումների ժամանակ: Ըստ պատգամավորի, այդ բոլոր բոլոր խոստումները կարողացել է կատարել:

«Խոստում ունեի, որ մշակութային ժառանգությանը պիտի հետևեմ: Հուշարձանների տեղափոխման հետ կապված հարցի ամենաակտիվ բարձրացնողներից մեկը ես եմ եղել: Հիմա օրենքի նախագիծ եմ պատրաստում, համաձայն որի՝ պետական մարմինները կպարտավորվեն պատմական , մշակութային հուշարձանները տեղափոխելիս հանրային լսումներ կազմակերպել տվյալ համայնքում»,- ասաց պատգամավորը:

168.am-ի հարցին, թե արդյոք «միայնակ գայլի» սինդրոմը չի խանգարում Ձեզ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, թե իրեն, մեծ հաշվով, իր կատարած աշխատանքի արդյունքներն են հետաքրքրում, բայց ինչ-որ առումով, իհարկե, դժգոհելու տեղ ունի:

«Որևէ միջազգային միջխորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված չեմ: Ինձ մի տեսակ բլոկադայի ենթարկված եմ զգում այս առումով: ԱԺ ղեկավարության հետ այս հարցերը պետք է քննարկեմ»,- նշեց անկախ պատգամավորը:

Աղբյուրը` http://168.am/

Բաժին: Մամուլ