Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

18/03/2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո:
«Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, և մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարևոր պայման է, հետևաբար պետք է պայքարել դրա համար: Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաև հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետևաբար դրանից հետո խոսել Արցախը որևէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- մասնավորապես նշել է Է. Մարուքյանը:

Բաժին: featured, Մամուլ, Պաշտոնական