Մարդկանց կորուստն է կորուստ, մյուս հարցերը լուծելի են
ԱԺ երիտասարդ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի համար անցնող տարվա ձեռքբերումը կրտսեր որդու` Նարեկի ծնունդն ու Մատաղիսի գործով արդարացման դատավճիռն է:
Էդմոն Մարուքյանը վերջին իրադարձությունը ՀՀ դատական համակարգի համար աննախադեպ է համարում եւ հուսով է, որ այս դատավճիռը դատաիրավական համակարգին նոր ազդակ կհաղորդի: Քաղաքական առումով տարին բուռն է եղել մեր զրուցակցի գնահատմամբ, իսկ տնտեսության վիճակն, ըստ պատգամավորի, կարելի է գնահատել որպես միջին` ոչ լավ, ոչ վատ:
Էդմոն Մարուքյանը միայն մարդկային կորուստն է համարում իրապես կորուստ.”Մյուս հարցերը լուծելի են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է ու հավելում.”Այս տարվա ընթացքում կորուստներ եղան` եւ մշակույթի գործիչների մեզնից հեռանալը, եւ այլ ասպարեզների գործիչների: Ինձ համար դրանք են կորուստները, մարդկանց կորուստն է կորուստ”:
Եվրաինտեգրացիայի կողմնակից պատգամավորը տարվա հիասթափությունը համարում է Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը.”Ինձ համար հիասթափեցնող է, որ եվրոպական արժեհամակարգի հետեւորդ երկիրը նման բացթողում թույլ տվեց”:
Ինչ վերաբերվում է մաղթանքներին ու ցանկություններին, Էդմոն Մարուքյանը ակնկալում է.”Որ եկող տարին մեր երկրի համար լինի զարգացման տարի, որ արտագաղթը քիչ լինի, ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն, ավելի շատ բարեփոխումներ իրականացվեն եւ որպես պետություն առաջ գնանք, իսկ մեր ընտանիքներին, ուղղակի սեր, ջերմություն եւ առողջ տարի”:
Հիշեցնենք, որ Henaran.am-ը հասարակական ու քաղաքական գործիչների հետ կարճ զրույցների միջոցով ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները:
Արդեն ներկայացրել ենք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանի եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատականները:
Հ.Գ. Պատգամավորի հետ զրուցել ենք դեկտեմբերի 18-ին` Մատաղիսի գործով դատավճռի օրը:
Աղբյուրը` http://henaran.am/news_view.php?post_id=15413
Բաժին: Հարցազրույցներ, Տեսանյութեր