Մենք 3 եղբայրներով մենակ մնալով տանը, հրդեհել էինք Ամանորյա եղեւնին. Էդմոն Մարուքյան
NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Ամփոփում ենք 2012թ: Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար անձնական եւ անանձնական տեսանկյունից:
2012 թվականը թե անձնական եւ թե անանձնական տեսանկյունից հաջողությունների տարի էր, քանի որ այդ տարում եւ դեռ ավելին նույն մայիս ամսվա մեջ միանգամից 2 շատ դրական բան տեղի ունեցավ իմ կյանքում. ծնվեց իմ երկրորդ որդին` Նարեկը, իսկ ես ստացա Վանաձոր, Գուգարք եւ Շահումյան համայնքների բնակչության, այսինքն թիվ 30 ընտրատարածքի ժողովրդի վստահությունը` ընտրվելով ՀՀ ԱԺ պատգամավոր:
Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:
Ամանորը ավանդույթի ուժով եւ ինչպես միշտ դիմավորելու եմ ծնողներիս տանը Վանաձորում` իմ ընտանիքի հետ:
Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին:
Առայժմ միայն ձեռք եմ բերել մեծ տղայիս` Քրիստիանի ամանորյա նվերը` ինչպես ինքն է ասում. «խելացի գիրք» մայրցամաքների մասին, սակայն այն նրան կտրվի, որպես Ձմեռ պապի նվեր:
Ամանորը` որպես տոն, ի՞նչն եք սիրում եւ ինչը` չե՞ք սիրում:
Ամանորն ինքնին իմ ամենասիրված տոներից է, քանի որ այն իր հետ միշտ դրական փոփոխությունների հավատ է բերում, իսկ Սուրբ Ծնունդը, իր խորհրդով, նոր կյանքի սկիզբ:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա: Տունը, տոնածառը զարդարելու պրոցեսին մասնակցո՞ւմ եք:
Ցավոք սրտի մեծ զբաղվածության պատճառով ես չեմ հասցնում որեւէ տնային գործի մասնակցել կամ աջակցել: Ես իմ մասնակցությունն եմ ունեցել միայն ամանորյա եղեւնին տղայիս հետ տեղադրելու գործում:
Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը գոնե մոտավորապես, անպայման գումար նշեք:
Դժվարանում եմ պատասխանել, քանի որ մշտապես ողջ ընտանիքով ենք կատարել ծախսերը, հետեւաբար հանրագումար ասելը դժվարանում եմ: Կարծում եմ այնքան, որքան որ Հայաստանում բնակվող սովորական ընտանիքները:
Ամանորյա սեղանին ձեր սիրելի ուտեստը ո՞րն է, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել եւ ի՞նչ, խոսքը ոգելից խմիչքի մասին է:
Սիրում եմ խաղողի թփով տոլմա, մայրաքաղաքային աղցան, իսկ ալկոհոլային խմիչքներից սիրում եմ սպիտակ գինի, կոնյակ: Երբեք էլ չեմ չարաշահում ալկոհոլը, բայց ինչքան էլ խմեմ, ազդեցությունը նույնն է. բարի տրամադրություն:
Գո՞հ եք «Վիշապից», ի՞նչ սպասելիքներ ունեք «Օձից»: Կարդո՞ւմ եք աստղագուշակներ, որպեսզի տեսնենք, թե ինչպիսին կլինի տարին ձեզ համար:
Ես Ձեզնից իմացա, որ անցած տարին Վիշապինն էր, իսկ գալիքն էլ` Օձի, քանի որ աստղագուշակներին չեմ հետեւում ու չեմ էլ հավատում դրանց: Բայց ինչպես նշեցի, անցնող տարին եղել է դրական փոփոխությունների տարի, իսկ 2013 թվականի ընթացքում ակնկալում եմ զարգացնել եւ առավել արդյունավետ դարձնել արդեն առկա նվաճումները:
Ամանորը մանուկ հասակում` տոպրակի սպասելիս, Ձմեռ պապիկի մորուք քաշելիս եւ այլն: Մի դրվագ կհիշե՞ք: Ձեր ամենառոմանտիկ, ամենաուրախ եւ տխուր Ամանորը:
Իմ մանկության բոլոր Ամանորներն էլ ուրախ են եղել, սակայն հիշարժան էր այն Ամանորը, երբ մենք 3 եղբայրներով, մենակ մնալով տանը, հրդեհել էինք ամանորյա եղեւնին, որի մարմանը օգնության հասան այդ պահին հյուր եկած մեր հարեւանները: Հրդեհը բռնկվել էր եղեւնու մոտ վառված բենգալյան կրակից: Բարեբախտաբար, որեւէ լուրջ վնաս չէր հասցվել, բացի մի քանի ճյուղերից, որի արդյունքում մի փոքր կրճատվեց եղեւնու բարձրությունը: Հատկանշականն է այն, որ այդ եղեւնին մինչ օրս ավանդաբար տեղադրում ենք իմ ծնողների տանը եւ հենց այդ եղեւնին է, որ ավագ որդուս հետ տեղադրել ենք այս տարի:
Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից խնդրել եք մանդատ, իսկ այս տարի ի՞նչ եք խնդրելու, թե ինչպես բոլոր տղամարդիկ` ձեր սպասելիքները միայն Ձյունանուշից են:
Անկեղծորեն ասած, անցած տարի Ձմեռ պապիկից մենակ խնդրել եմ, որ առողջ բալիկ ունենանք, քանի որ այդ ժամանակ արդեն սպասում էինք ընտանիքի համալրում եւ կինս ինձ առողջ ու կենսախինդ որդի պարգեւեց արդեն երկրորդ անգամ: Այնպես որ Ձյունանուշիկի ժամանակներն անցել են ինձ համար:
Եթե ձեզ հրավիրեին մասնակցելու դիմակահանդեսի, ի՞նչ կերպարով հանդես կգայիք:
Նախ ասեմ, որ մեծ հաճույքով կմասնակցեի որեւէ դիմակահանդեսի` այնտեղ հայտնվելով Զորրոյի կամ Ռոբին Հուդի կերպարով: Երկու կերպարներն էլ աղքատներին եւ անպաշտպաններին են պաշտպանել, որն իմ խառնվածքին շատ մոտ է:
Արդեն մտածել եք ի՞նչ եք նվիրելու ձեր կնոջը, երեխաներին:
Ինչ եմ նվիրելու կնոջս` չեմ ասի, քանի որ նա, կարդալով այս հոդվածը, կտեղեկանա այդ մասին եւ նրա համար նասխատեսված անակնկալի գաղափարը կփչանա: Արդեն նշեցի, որ 5-ամյա որդուս համար ձեռք եմ բերել գիրք մայրցամաքների մասին, քանի որ նա դրա մասին էր խնդրել Ձմեռ պապից, իսկ 7 ամսական որդուս համար, ում լնդերը քոր են գալիս, քանի որ պատրաստվում է ատամ ծակել, հիանալի նվեր կլինի կրծելու համար նախատեսված որեւէ խաղալիքը:
Ձեր տանը Ամանորը նշելու ի՞նչ ավանդույթներ, սվորույթներ կան:
Ըստ ավանդույթի ամանորյա գիշերը կինս եւ մայրս պատրաստում են տոնական սեղան ու կեսգիշերը դիմավորում ենք իրար շնորհավորելով եւ նվերներ փոխանակելով: Այնուհետեւ այցելում եմ ավագ եղբորս տուն եւ այդպես շարունակ:
Աղբյուրը` http://news.am/
Բաժին: Հարցազրույցներ