Էդմոն Մարուքյան. Սահմանների բացումն այլընտրանք չունի

24/04/2019

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ դրան պետք է լավ նախապատրաստվել, որպեսզի դրանից շահի ոչ թե Թուրքիան, այլ մարդկությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պետք է Հայոց Ցեղասպանությունը ճանաչվի, դատապարտվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանները բացվեն։ Ըստ էության, սահմանների բացումը այլընտրանք չունի, վաղ թե ուշ պետք է հասնել դրան»,-ասաց պատգամավորը։

Նա ևս մեկ անգամ կրկնեց, մինչ այդ պետք է լավ աշխատել ու նախապատրաստվել։

«Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսումը չաշխատեց, և հիմա միգուցե նորից կարող ենք ասել առանց նախապայմանների երկխոսություն սկսել, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին։ Եթե հայկական կողմը հստակ շահեր չի հետապնդում, դա դառնում է անիմաստ խոսակցություն, ինչից շահում է Թուրքիան։ Ես կարծում եմ, որ սահմաններն առանց նախապայմանների պետք է բացվեն, որովհետև դա Եվրոպայի վերջին փակ սահմանն է, դրանից հետո նոր կսկսենք խոսել այլ հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Panorama.am

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Պաշտոնական