ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՆԵՆԳԱՓՈԽՈւՄ ԿԱՄ «ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԴԵՄ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈւԹՅԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԻԾ
Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր կառավարության նիստին քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։
Վերջինով մասնավորապես առաջարկվում է հետևյալ դրույթից հանել ընդգծված մասը՝ Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։
Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե Լուսավորը ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին։
Կառավարության ներկայացուցիչներին, ովքեր դիտավորյալ նենգափոխել են մեր առաջարկի էությունն ու բովանդակությունը, հորդորում ենք ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որևէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել և այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։
Ինչ վերաբերում է որևէ ծախս ՆԱԽՕՐՈՔ հրապարակելուն, ապա դա ևս նախագծի նպատակի խեղաթյուրում է, քանի որ նման դրույթ մեր կողմից չի առաջարկվել։ Խնդրո առարկա ծախսերը կարող են հրապարակվել անվտանգության տեսանկյունից թույլատրելի ժամանակահատվածում՝ POST FACTUM։
Ընդ որում, բացարձակապես չի առաջարկվել նշել, թե օրինակ վարչապետը որ հյուրանոցում և ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե օրինակ հյուրանոցային ծախսը, օրապահիկը և այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպես և չի առաջարկվում հայտնել, թե օրինակ որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ ենք գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ) և յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ է արժեցել պետության՝ հարկատուների համար։
Բոլոր տեղյակներին և անտեղյակներին ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը, սակայն Սերժ Սարգսյանը հենց այս օրենքով դրանք դարձրել է դասակարգված տեղեկատվություն։ Օրենքն ընդունվել է մեծ աղմուկով, դրան դեմ ենք քվեարկել մենք բոլորս «Ելք» դաշինքով՝ ես, Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը և մյուսները։
Նշենք նաև, որ նախագիծը մշակվել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի հետ միասին և մենք այն խորհրդարանում շարունակելու ենք պաշտպանել։
Կառավարության այս վարքագիծը հերթական հակաքարոզչական քայլն է «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։