Եթե այդ մարդուն աշխատանքից ազատած լինեին այն ժամանակ, նախօրեին խայտառակ չէին լինի
Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Պարոն Մարուքյան, արդեն որերորդ անգամ ներկա և նախորդ ԱԺ-ն մերժում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՍԴ դատավորի հերթական թեկնածուին։ Սա ինչի՞ մասին է խոսում և ինչի՞ կարող է հանգեցնել։ Հնարավո՞ր է, որ իշխող ուժն ունի իր թեկնածուն, դրա համար մերժում է բոլոր մնացածին։
Ես ոչինչ չեմ բացառում քաղաքականության մեջ, բայց ամեն մարմին ունի իր իշխանության տիրույթը։ Խորհրդարանի իշխանության տիրույթում է ընտրել կամ չընտրել որևէ մեկին, որը շատ նորմալ է, իսկ նախագահի իշխանության տիրույթում է այնքան ներկայացնել թեկնածու, մինչև խորհրդարանն ընտրի։ Հետևաբար, յուրաքանչյուր սահմանադրական մարմին Սահմանադրությամբ իրեն ամրագրված լիազորություններն է իրականացնում։ Այստեղ ոչ ՀՀ նախագահը կարող է դժգոհել խորհրդարանից և նա չի դժգոհել, ոչ էլ խորհրդարանը՝ ՀՀ նախագահից։
Այնուամենայնիվ, ինչի՞ մասին է խոսում նախագահի ներկայացրած թեկնածուներին մերժելու փաստը։
Գիտեք, կարող ենք հազար բան մտածել, բայց ես չէի ցանկանա որևէ կոնսպիրոլոգիական բացատրություններ տալ։
Վարկածներից մեկն այն է, որ դիտավորյալ հենց Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուներին են մերժում։
Կարող է լինել նաև այդպես, բայց ես չեմ մտնում այդ դաշտ։ Նախորդ թեկնածուին մենք կողմ ենք քվեարկել, այս թեկնածուի նկատմամբ էլ դրական ենք արտահայտվել։
ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածուն սպառիչ պատասխաններ տվե՞ց պատգամավորների հարցերին։
Ինձ համար թեկնածուն շատ սպառիչ խոսեց։ Նրա խոսքը ակադեմիական էր, կարող է շատերը լավ չեն ընկալել, բայց կարծում եմ՝ թեկնածուն մանրամասն ներկայացրեց իր մոտեցումները։ Եթե մենք մտածում ենք, որ ՍԴ դատավորի թեկնածուները պետք է լինեն քաղաքական գործիչներ, տեքստեր ասեն, որ մեր սրտից բխի, դա ճիշտ չէ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով վեթինգի ինստիտուտի մասին, նշեց, որ անցումային արդարադատության մի քայլն էլ սա է։ Նա նաև նշեց, որ արդեն մի քանի ամիս իրենք գործընթաց են սկսել, ինչին Դուք հակադարձեցիք, որ ոչինչ չեք իմացել այդ մասին։ Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է դա պատկերացնում։ Ձեզ համար դա ընդունելի՞ է։
Ես գիտեմ, որ արդեն մի քանի ամիս է իրենք աշխատում են անցումային արդարադատության ինչ-որ փաթեթի վրա, որը մեզնից գաղտնի է արվում։ Բայց վեթինգի հարցը հենց մենք ենք դրել շրջանառության մեջ, որը վարչապետը վերցրել, դարձրել է քաղաքական օրակարգի մաս։ Մենք ակնկալում ենք, որ կլինի համագործակցություն մեխանիզմների մշակման ժամանակ։ Հիմա դեռևս ուղղակի հայտարարություններ են արվում, բայց ոչ մեկը կոնկրետ չգիտի, թե որ պատգամավորը, որ հանձնաժողովի նախագահը կամ որ փորձագետն է պատասխանատու այս հարցի համար և ով է զբաղվում սրանով։
Ամեն դեպքում, հիմա հստակ է, որ օրենսդրական նախաձեռնություն է լինելու։ Դուք այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք, ունե՞ք հակասություն իշխանության հետ՝ հաշվի առնելով, որ հայտարարել եք, որ ձեզ համար առավել ընդունելի է սահմանադրական փոփոխությունների ճանապարհը։
Ոչ թե մեզ համար ավելի ընդունելի է, այլ որքանով մենք ուսումնասիրել ենք Սահմանադրությունը, դատական իշխանության գլուխը կարելի է փոփոխության ենթարկել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե այդ մասով բան չենք փոխում, օրենքներով ենք փորձում փոփոխությունների հասնել, միգուցե կարող է հակասահմանադրականության հարց առաջանալ։ Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, նոր նախաձեռնել։
ԱԺ իշխող խմբակցությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությունները։ Ձեր կարծիքով, այստեղ ընդդիմությանը մերժելու կոնկրետ նպատա՞կ կա, թե հիմնավոր չէիք։
Կոնկրետ այս դեպքում նպատակ կար չբացել վարչապետի, ԱԺ նախագահի և երկրի նախագահի գնումների ծախսերը, որը փակվել է ՀՀԿ-ի ժամանակ։ Այսինքն ինչը ժամանակին քննադատել են, հիմա հետ են կանգնում այդ մոտեցումներից։ Դատավորը ժողովուրդն է և ժողովուրդն իր կարծիքը այս ամենի վերաբերյալ ձևավորում է կամաց-կամաց։ Նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաև լրագրողները տեսնում են, որ այն ժամանակ կոնկրետ դրա դեմ պայքար ենք մղել, հիմա էլ ասում են՝ դու մի ասա, թե «Ելք»-ի ժամանակ ոնց ենք արել, ինչ ենք արել։ Ասում են՝ այլևս չասես, մի հիշեցրու, մեր դեմ մի դիր այդ հարցերը։
Պարոն Մարուքյան, Ապարանում մայիսի 28-ի տոնակատարության ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Աղվան Հովսեփյանի հետ խնջույքի մեջ էր։ Քանի որ Աղվան Հովսեփյանի անունը շատ է շոշափվել «մարտի 1»-ի գործի հետ կապված և գիտենք, թե որքան զգայուն է այս թեման իշխանության համար, հասարակությունը չընկալեց համատեղ տոն նշելը։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
Դե ինչպե՞ս հասարակությունը դա կընկալեր։ Դրանք արդեն երկակի ստանդարտներ են։ Նաև Փաշինյանի ելույթը կա, որտեղ նա հրապարակում է «մարտի 1»-ի պատասխանատուներին և նրանց շարքում կա Աղվան Հովսեփյանի անունը։ Հիմա ինչ ասեմ, իրենք գիտեն։ Եվ մարզպետը, որ աղուհացով դիմավորում էր Աղվան Հովսեփյանին։ Եթե այդ մարդուն աշխատանքից ազատած լինեին այն ժամանակ, երբ ես ասում էի՝ ազատեք նրան պաշտոնից, նախօրեին իրենք խայտառակ չէին լինի։ Ասողին լսող է պետք, չլսողն էլ իր խնդիրներով թող զբաղվի։
Աղբյուրը՝ Lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ