Ցավում եմ, որ իշխանությունը շահարկելով երիտասարդ աղջկան փորձում է շեղել Գյումրիի կարեւոր խնդրից. Էդմոն Մարուքյան

24/06/2019

ԱԺ-ում այսօր բավականին թեժ է: Իսկ հիմնական պատճառը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նախօրեին ֆեյսբուքյան լայվն էր, որի ժամանակ վերջինս անհանգստություն էր հայտնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ճակատագրի մասին և կոչ արել իշխանությանը՝ նոր չվերթներ բերել Գյումրի՝ հատկապես, որ դադարեցվում են ռուսական չվերթները դեպի Վրաստան:

Մարուքյանն անդրադարձել էր նաև Քաղավիացիայի ծառայության ղեկավար Տաթևիկ Ռևազյանին և ասել. «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը՝ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք»։

Այսօր Մարուքյանին «Իմ քայլի» պատգամավորները, հատկապես տղամարդիկ, կոչ արեցին «ռաբիս» չափորոշիչները թողնել ու մնալ «կլասիկ» դիրքերում: Ու ընդհանրապես ԱԺ նիստը նվիրվեց այս քննադատությանը՝ ճի՞շտ է արդյոք Մարուքյանի «սիրուն աղջիկ» ձևակերպումը, թե՞ ոչ, կոռե՞կտ է, թե՞ փողոցային սլենգ է:

Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում չէր, նա Ստրասբուրգից ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանեց իր հասցեին հնչող  քննադատություններին՝ ասելով, որ «Իմ քայլ»-ականներն ընկել են ձևի հետևից, քանի որ հարցի բովանդակության մեջ պարտված են.

«Իշխանությունները բովանդակության մեջ պարտված են, որովհետև գործ չեն արել, Քաղավիացիայի վարչության պետի նշանակումից առաջ Գյումրին ունեցել է երեք չվերթ, իսկ նշանակումից հետո՝ մեկ չվերթ: Բայց ես իմ լայվում չեմ քննադատել քաղավիացիայի երիտասարդ ղեկավարին, և քանի որ հայտնի է որպես գեղեցիկ աղջիկ, այդպես եմ դիմել: Ասել եմ՝ դիմում եմ փայլուն գործող կառավարությանը և մեր գեղեցիկ աղջկան, առանց հեգնանքի: Մարդիկ կոմպլիմենտը փորձում են ձևախեղել և ասել՝ ինչ իրավունք ունեք ասելու գեղեցիկ աղջիկ: Իսկ կոմպլիմենտն ամբողջ աշխարհում է ընդունված, բայց կենտրոնացել են՝ շեղվելով բովանդակությունից: Իսկ բովանդակությունը հետևյալն է, որ մոտ 40 չվերթ Վրաստանի տարբեր օդանավակայաններ գնում են Ռուսաստանից, հիմա հանվում են, դրա մի տարբերակ կա, կամ Բաքու իջնեն, կամ Ստամբուլ, կամ Անկարա: Ես ասում եմ՝ բերեք Գյումրի, որը կբերի շարժ և կազդի կենսամակարդակի վրա: Իրենք այդ ամենը թողած՝ կենտրոնանում են իմ ասածի վրա, որ լայվում ասել եմ փայլուն կառավարություն և գեղեցիկ աղջիկ: Բնականաբար իմ խոսքի մեջ որևէ վիրավորական բան չկա, ես շատ հարգում եմ և երիտասարդ նշանակումները, և այս առումով վիրավորական բան չի կարող լինել»:

Մարուքյանն ասաց նաև, որ վիրավորական որևէ արտահայտություն թույլ չի տվել, այլապես չէր վարանի ներողություն խնդրել, պարզապես զարմանալի է այն, որ իշխանություններն արձագանքում են ինչ-որ ձևակերպումների, բայց չեն խոսում կարևոր ծրագրային առաջարկի մասին:

«Թեման ցրել, շեղել, գործ չանել ու տանել անբովանդակ քննարկումների. սա են անում:

Գործ չեն կարող անել, Ռևազյանի գործունեության արդյունքն այն է, որ 3 չվերթից մեկն է մնացել Գյումրի: Բայց ես չեմ ուզեցել քննադատել: Գյումրի թռչող միակ ընկերությունը ռուսական «Պոբեդան» է մնացել, մի անգամ չի հանդիպել այդ ընկերության ներկայացուցիչների հետ:

Մենք հիմա մեր հնարավորություններով բանակցում ենք «Պոբեդա»-ի հետ, որ չվերթներն ավելացնեն: Մենք այլևս չենք դնում հույսներս իրենց վրա, որովհետև տեսնում ենք, որ մարդիկ կոմպետենտ չեն, ադեկվատ չեն և փորձում են ամեն ինչ ցածրացնել, իջեցնել…

Փողոցն ի՞նչ կապ ունի, երբ տղամարդը գեղեցիկ կնոջը կոմպլիմենտ է անում, դա փողոցի հա՞րց է: Կներեք, բայց ցանկացած տղամարդ այդ ամենը կհասկանար, և ցավում եմ, որ այն տղամարդիկ, որ խորհրդարանում հարցը բարձրացնում են, այդ հարցը չեն հասկանում»:

Մարուքյանն անդրադարձավ նաև «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանին՝ ասելով, որ բարձրացնում են այն հարցերը, որոնք «Լուսավոր Հայաստանն» է բարձրացնում, հետո էլ հայտարարում, թե «Լուսավոր Հայաստանն» անդրադառնում է թեմաների, որոնց մասին արդեն իշխանությունները խոսել են:

«Որպես օրինակ այս հարցը՝ չվերթների, կամ էլ փոխմարզպետների հարցը: «Լուսավոր Հայաստանը» քանի անգամ է փոխմարզպետների թեման բարձրացրել: Վարազդատ Կարապետյանն ասում է, որ փոխնախարարը թե փոխվարչապետն այս հարցին անդրադարձել է: Վարազդատ Կարապետյանն իրականությունն այլ կերպ է ներկայացնում: Այդ մարդը երեք ժամ առաջ իր պատի վրա գրառում է թողել, թե մենք փորձում ենք ռեյսերը բերել Հայաստան, ես ուղիղ եթեր եմ մտել և կոչ արել կառավարությանը շաբաթ օրը: Ինչ վերաբերում է փոխմարզպետների թեմային, ապա մենք դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք քննադատել ենք:

Այնպես որ, այս երկու հարցում էլ «Իմ քայլը» վազում է «Լուսավոր Հայաստանի» հետևից, բայց չի հասնում: Չի կարելի ամբիոնից սուտ խոսել, մեծ մարդիկ եք»,- ասաց Մարուքյանը:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝  ԳԱԼԱ

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ