Այն պնդումը, որ մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, մեղմ ասած, սուտ է

16/11/2019

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է ԼՀԿ-ին՝ ասելով՝ Լուսավո՛ր Հայաստան, կանգնեք ուղիղ ասեք, որ դեմ եք թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը։ Ինչպե՞ս եք արձագանքում։

Վարչապետը հերթական անգամ կիրառել է իր մանիպուլյացիա անելու արվեստը, որը, բոլորս գիտենք, նրա մոտ ամենալավն է ստացվում: Այդ դաշտում նրան հավասարը չկա: Լուսավոր Հայաստանն, այո, քննադատել է կառավարության անդամների աշխատավարձերի գաղտնի կրկնապատկումը, որն, ի դեպ, ապօրինի էր: Ինչ վերաբերում է ֆիսկալ բառը չհասկանալուն և դրա պատճառով ԱԺ ամբիոնից մեզ հետ կապված սուտ տարածելուն, ապա դա ծայրահեղ անընդունելի է, քանի որ Լուսավոր Հայաստանը երբեք դեմ չի խոսել աշխատավարձերի բարձրացմանը: Այն պնդումը, որ մենք դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը, մեղմ ասած, սուտ է:

Պարոն Մարուքյան, Փաշինյանը կետ առ կետ նշեց, թե ինչով է 2020-ի բյուջեն հեղափոխական։ Համոզի՞չ չէր արդյոք Ձեզ համար։

Մենք կետ առ կետ ներկայացրել ենք այն խնդիրները, որ այս բյուջեն ունի և որ այն բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել:

Եթե արձանագրում եք, որ բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտումներով է ներկայացվել, ընդունման դեպքում ինչ եք անելու, ի՞նչ քայլերի եք դիմելու։

Որ ասեմ դատախազություն ենք դիմելու, կհավատա՞ք։

Արձանագրում եք խախտում…

Առաջարկներ ենք տվել, որ ուղղեն, չեն ուղղի, դեմ կքվեարկենք:

Փաշինյանը նաև նշեց, որ 2018 թվականին՝ հեղափոխության շրջանում, երբ դեռ վարչապետ չէր, հայտարարել է հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը։ Խոստումը կատարվել է։ Այս մասով դրական չէ՞ դինամիկան։

Ելույթներով դրան էլ են անդրադարձել թե Մանե Թանդիլյանը, թե մեր մյուս պատգամավորները։

Պարոն Մարուքյան, երիտասարդ դաշնակցականներն են դիմել ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին նախարարի հրաժարականի պահանջով։ Ինչպե՞ս եք արձագանքում, ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք միանալ նրանց պահանջին։

Նամակը կստանանք կքննարկենք։

Աղբյուրը՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ