Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ստեղծումը դրական է՝ մի շարք առումներով

30/09/2013

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում Միասնական քննչական մարմնի ստեղծումը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը, այն, որ տարբեր իրավապահ մարմինների ներքո ներկայումս գործում են տարբեր քննչական մարմիններ, խնդիրներ է առաջացնում այնքանով, որ չունենք միասնական քննչական պրակտիկա: Այս առումով՝ նա կարծում է, որ դրական է, եթե քննչական որոշ մարմիններ միանան մեկ մարմնի մեջ և ունենանք միասնական քննչական պրակտիկա՝ դրանից բխող այլ հետևանքներով:

«Օրինակ՝ պրոֆեսիոնալիզմի, քննիչների աշխատավարձերի առումով ես հույս ունեմ, որ դրական փոփոխություններ պետք է լինեն: Որովհետև, եթե նայենք՝ ոստիկանության քննիչների աշխատավարձերն ավելի ցածր են, քան, օրինակ, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի կամ Մաքսային ծառայության քննիչներինը: Եթե մեկ համակարգի մեջ գտնվեն, չի կարող տարբերակված մոտեցում լինել: Հետևաբար՝ պրոֆեսիոնալիզմն էլ ավելի բարձր կլինի»,-ընդգծեց նա:

Էդմոն Մարուքյանը, ով ծանոթ է ԱՄՆ-ի փորձին, նկատեց, որ այնտեղ էլ Հետաքննությունների դաշնային բյուրոյի շրջանակներում գործում է միասնական քննչական կոմիտե: Նման մարմին կա նաև Ռուսաստանում: Սակայն ԱՄՆ-ում՝ ի տարբերություն ՌԴ-ի, գլխավոր դատախազություն՝ որպես կենտրոնացված մարմին, գոյություն չունի. գլխավոր դատախազությունը և արդարադատության նախարարությունը նույն մարմինն են:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում ստեղծվելիք մարմինը ավելի շատ Ռուսաստանում գործողի նման կլինի, «երբ կան գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե, իսկ դատախազությունը, ինչպես միշտ, օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում, նաև՝ քննչական գործողությունների նկատմամբ՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Հարցին, թե ում է տեսնում այդ նոր մարմնի ղեկավարի պաշտոնում և ինչ չափանիշների նա պետք է համապատասխանի, Է.Մարուքյանը նշեց, որ չի կարող նշել կոնկրետ անձի անուն, սակայն կարծում է, որ այդ պաշտոնում պետք է լինի լուրջ փորձառություն ունեցող մարդ, ով կկարողանա կայացնել ստեղծվելիք կառույցը: «Այնպես չէ, որ քննչական մարմիններն ավտոմատ իրար միացվեն, և դա սկսի նորմալ գործել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ  բավականին մեծ աշխատանք է պահանջվելու:

Նշենք, որ ՀՀ Նախագահը սեպտեմբերի 24-ին ստորագրել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրություն: Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Միասնական քննչական մարմինը  պետք է կազմավորվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, կառավարությանն առընթեր ՀՀ  ոստիկանության և  Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա: Միասնական քննչական մարմնի ստեղծումը, ըստ երկրի ղեկավարի, նպատակ ունի ամրապնդել քննչական մարմինների անկախությունը և  բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը:

 

Աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/23715

Բաժին: Հարցազրույցներ