Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

31/12/2021
Նոր տարին և Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են, երբ մարդիկ հավաքվում են ընտանիքներով, հրաժեշտ տալիս անցնող տարուն, դիմավորում նոր տարին և նշում խորհրդավոր Սուրբ ծնունդը։
Հրաժեշտ տալով՝ մենք նաև հետ ենք նայում անցած տարվա ընթացքին, ինքներս մեզ հարցեր տալիս, վերլուծում մեր կատարած սխալները, ափսոսում և ցավ ապրում ունեցած կորուստների համար, ինչպես նաև գնահատում ձեռքբերումները և ինքներս մեզ տրամադրում, որ եկող տարում ավելին կկարողանանք անել, որ հնարավորինս քիչ սխալվենք, չունենանք կորուստներ և կենտրոնանանք նոր նվաճումների վրա։
Անցնող տարվա ընթացքում խոսել ենք բավականաչափ շատ և խոսել բազմաթիվ բաների մասին, հետևաբար՝ այստեղ չեմ քննարկելու անցածը և անգամ չեմ խոսելու հետագա անելիքների մասին։ Ուղղակի հիմա պետք է լուռ ճանապարհել անցնող տարին՝ ավելի լավը, ավելի լուսավորը դիմավորելու հույսով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին տարվա ընթացքում տեղ գտած ամեն լավ բանի համար և միաժամանակ ներողություն խնդրել բոլորից մեր թույլ տված սխալների կամ որևէ մեկին հիասթափեցնելու համար։
Խաղաղություն և հզորություն եմ մաղթում մեր պետությանը, առողջություն՝ մեր ժողովրդին, ազատություն՝ ռազմագերիներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին, Աստծո մխիթարությունը՝ մեր սգակիր ընտանիքներին ու հավերժ փառք՝ մեր հերոսացած տղերքին։
Աստված պահապան Հայաստան և Արցախ աշխարհին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Բաժին: featured