Ռուբեն Հայրապետյանը չի տիրապետում երեք տարվա վաղեմության կարևոր մանրամասների. Էդմոն Մարուքյան

14/06/2013

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Վանաձորում կսկսվի մարզադաշտի կառուցումը, եթե ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նորից դատի չտա։ «Ամենաաբսուրդը դուք գիտեք որն ա, որ այդ ամենը կազմակերպել ա այնտեղի պատգամավորը՝ Սաքունցի հետ միասին, և ինքը ստվերում թաքնվել ա: Եվ պատգամավոր ժողովրդի կողմից ընտրվել են ու անում են ժողովրդի դեմ քայլեր: Մեծահասակներին՝ ոչինչ, փոքրերի դեմ են անում իրանք: 3 տարի Վանաձորի ֆուտբոլը հետ են գցել իրանք»,- ասել էր Հայրապետյանը:

Պատասխանելով ՀՀԿ-ական նախկին պատգամավորին՝ այս պահին Էդինբուրգում գտնվող ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Որպես իրավապաշտպան և, առավել ևս, որպես Ազգային ժողովի պատգամավոր թե անցյալում և թե հիմա մշտապես գտնվել եմ իմ համաքաղացիների կողքին և պայքարել եմ ու շարունակում եմ պայքարել Վանաձորում ձեռնարկվող բոլոր տեսակի մութ և ոչ թափանցիկ նախաձեռնությունների դեմ: Հեռու եմ այն մտքից, որ պետք է պատասխանեմ ՀՖՖ նախագահին՝ վստահ լինելով, որ Ռուբեն Հայրապետյանը չի տիրապետում երեք տարվա վաղեմության կարևոր մանրամասների»:

Է. Մարուքյանը նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե իր հասցեին ուղղված քննադատությունը որտեղից է գալիս, և ով է ում ստվերում թաքնվում. «Էականն այստեղ այն է, որ որևէ մեկը Վանաձորում Ռուբեն Հայրապետյանին չի խանգարել ֆուտբոլը զարգացնել թե՛ մինչև 2010 թվականը, թե՛ դրանից հետո: Ընդամենը եղել է վստահություն չներշնչող և, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարծիքով, անօրինական գործարք, որի դեմ հայց է ներկայացվել դատարան»:

Մարուքյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՖՖ նախաձեռնությունները Վանաձորում կլինեն առավել թափանցիկ և չեն ծառայի պատեհապաշտ մարդկանց շահերին, այլ իրապես կնպաստեն Վանաձորում ֆուտբոլի զարգացմանն ու առաջխաղացմանը:

Աղբյուրը՝ http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ