Ուշացած հերքում…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես շատերդ կհիշեք, դեռևս 2020թ. ամռանը ես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն ՍԻմոնյանի հետ միասին, դիմել էինք դատարան ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերության՝ հայցելով պարտավորեցնել ընկերությանը պատկանող «Առաջին լրատվական» (1in.am) կայքում տարածել նույն կայքում 2020թ. հունիսի 19-ին հրապարակված՝ ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ նյութի հերքումը:
Ընդ որում՝ մինչ դատարան դիմելը հերքման պահանջը երկու անգամ ուղարկվել էր անմիջապես ընկերությանը, որն այդպես էլ չէր հերքել իր հրապարակած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։
Ավելին՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հերքում երկար ժամանակ չէր տարածվում, ինչի պատճառով ստիպված էինք դիմել հարկադիր կատարման ծառայություն։
Այսօր տեղեկացանք, որ հերքումը տարածվել է։ Սակայն պետք է նշեմ, որ այս տեսակի գործերով դատական պաշտպանության միջոցները փաստացի արդյունավետ չեն՝ նախևառաջ երկարատև ժամկետների պատճառով. օրինակ, այս դեպքում հերքված ապատեղակատվություն պարունակող հոդվածը, միևնույն է, իր գործը վաղուց արել է, և այսքան երկար ժամանակ անց, ունենալով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ և տարածված հերքում, միևնույն է՝ արդեն չենք կարող լիարժեքորեն այդ հերքումն իր նպատակին ծառայեցնել։
Բաժին: featured