Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ

31/05/2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Республика Армения»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Արցախի Հանրապետության կարգավիճակին, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն առնչվող հարցեր։

 

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմը բազմիցս պահանջել է ադրբեջանական զինուժի դուրսբերում ՀՀ տարածքից։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հարցերը քննարկման առարկա են դառնալու Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի անվտանգության հարցերի շուրջ նորաստեղծ հանձնաժողովում։ Մեկանաբանելով Ալիևի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընդմիշտ կփակի Արցախի կարգավիճակի հարցը, Մարուքյանը շեշտել է, որ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ այդ՝ դեռ չսկսված գործընթացը, կապ չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ։ Նա այդ հայտարարություններն անում է ներքին լսարանի ախորժակը բավարարելու համար։

 

«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները պետք է ընթանան երկու կողմերի առաջարկների հիման վրա՝ ընդգրկելով խնդիրների ողջ շրջանակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմն իր շահարկումներով փորձ է անում ԼՂ խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ իրականում խոսքն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների սպառնալիքի բացառման մասին է», – նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ին Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության շարունակության մասին։

 

«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք արտահայտվում են այդ նպատակին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից, ոչ այլ ինչ են, քան միջազգային իրավունքի նորմերի անտեսում, ինչը լուրջ կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը:  Այստեղ, բնականաբար, մենք ակնկալում ենք համաշխարհային հանրության հասցեական և դատապարտող արձագանքը», – նշել է Մարուքյանը։

 

Անդրադառնալով այն դիտողություններին, թե ինչպես կարելի է բանակցություններ վարել նման իրավիճակում, նա պատասխանել է հարցով` ի՞նչ են առաջարկում քննադատները։ Մարուքյանի կարծիքվ՝ բանակցություններն այլընտրանք չունեն, իսկ եթե ունեն, ապա դա նոր պատերազմն է, մինչդեռ հայկական կողմը, ի ուշադրություն ամբողջ աշխարհի, հայտարարել է իր խաղաղության օրակարգի և այն մինչև վերջ տանելու ցանկության մասին։

 

«Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր հռչակած խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ցանկացած միջոցներով», – հավելել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ խաղաղությունը պետք չէ միայն Հայաստանին. այն պետք է բոլորին և կարող է հաստատվել միայն բոլոր կողմերի ջանքերով։

 

Շառլ Միշելի հայտարարության առնչությամբ Մարուքյանը նշել է, որ այն վերջին ժամանակների ամենաշատ շահարկվող հայտարարություններից էր, մինչդեռ այնտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանը չի կարող չնկատել «սենյակում գտնվող փղին»։ Պնդել, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, և մոռանալ 2020 թ-ին ստորագրած փաստաթուղթը, որը հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղը որպես քաղաքական, տարածքային միավոր և գործոն, լուրջ չի ընդունվում համաշխարհային հանրության կողմից։

 

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Մարուքյանը նշել է, որ թուրքական կողմն իր քայլերը սինխրոնիզացնում է Ադրբեջանի հետ և խորհրդակցություններ անցկացնում, ինչը նրանք բազմիցս հրապարակայնորեն ընդգծել են։ «Այս դեպքում չէի ասի, որ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում՝ դրանք ներկայացնելով Ադրբեջանի միջոցով», – ասել է Մարուքյանը։

 

Վերջում հատուկ հանձնարարություններով դեսպանն ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունները՝ որպես համանախագահներ։ Հայկական կողմը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության ակտիվացման առումով, ինչպես նաև երախտապարտ է համաշխարհային հանրության բոլոր դերակատարներին, ովքեր նպաստում են խաղաղության օրակարգին։

Բաժին: featured