Պատռել են ԱԺ պատգամավորության թեկնածու, փաստաբան Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառը

19/04/2012

Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը ընտրախախտման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի բաժին: Նա ասում է, որ իր նախընտրական պաստառը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 29 շենքի հարավային պատի արեւմտյան մասից պոկվել եւ պատռվել է: «Ամսի 14-ին փակցրել եմ, 16-ին արդեն գտանք պատառոտված, պոկված վիճակում»,- ասում է պատգամավորության թեկնածուն:

Վանաձորի քաղաքապետի որոշմամբ՝ այդ հատվածում եւս ԱԺ պատգամավորության թեկնածուն իրավունք ունի անվճար նախընտրական պաստառ փակցնելու: «ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը»,- նշում է Էդմոն Մարուքյանը: Նա բացատրում է, որ համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 4012 րդ հոդվածի՝ վերոնշյալ գործողությունների համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Պատգամավորության թեկնածուն պահանջում է օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նշված զանցանքը գործող անձանց հայտնաբերլու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Բաժին: Մամուլ