Ադրբեջանցիները սկսել են հրաժարվել այն փաստից, որ իրենք են փակել ճանապարհը. հասկանում են պատասխանատվությունը…
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ անխուսափելի է դարձել Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ միջազգային մեխանիզմի ստեղծումը, որպեսզի կայանա ուղիղ խոսակցություն:
«Մենք արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում ենք, եւ նաեւ միջազգային հանրության կողմից է սա բարձրաձայնված, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, որպեսզի իրար մեջ եղած ցանկացած հարց քննարկվի այդ մեխանիզմի շրջանակներում: Այդ մեխանիզմի տրամաբանությունը հետեւյալն է. պետք է լինի միջազգային մի մարմին, որտեղ ներկա կլինեն Ադրբեջանի ներկայացուցիչները, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները եւ միջազգային հանրության ներկայացուցիչները՝ Հայաստանի հետ միասին: Սակայն խոսակցությունը պետք է գնա Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ:
Գոյություն ունի Մինսկի կոնֆերանսը, որը տեղի է ունեցել դեռեւս 90-ականներին եւ այդ մանդատը չեղարկված չէ: Ամբողջ տրամաբանությունն այն է եղել, որ միջազգային հանրության կոնֆերանս տեղի ունենա, որտեղ Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչները խոսեն այն խնդիրներից, որի մասին մենք 30 տարի է բարձրաձայնում ենք:
Ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակելը, գազն անջատելը, այլ ահաբեկչական մեթոդաբանությունները գալիս են ապացուցելու, որ այդ տարբերակն ուղղակի այլընտրանք չունի, չի կարող այլ տարբերակ լինել: Որովհետեւ այլնըտրանքը էթնիկ զտումն է, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, այլընտրանքը նոր ցեղասպանության նախաձեռնումն է:
Ո՞րն է Ադրբեջանի այլընտրանքը. լավ, ճանապարհը փակեց, ամբողջ աշխարհը դատապարտում է, ասում է՝ պետք է բացեք: Ո՞րն է Ադրբեջանի խոսույթը: Նրանք հիմա սկսել են հրաժարվել այն փաստից, որ իրենք են փակել ճանապարհը: Հասկանում են չէ՞ արվածի պատասխանատվությունը եւ սկսել են հրաժարվել: Սա նշանակում է, որ միջազգային ճնշումն աշխատում է եւ այն մոտեցումները, որ ներկայացված է հայկական կողմից, հասկանալի է միջազգային հանրության համար: Որովհետեւ մենք խոսում ենք մարդկանց մասին, իրենք խոսում են հանքի մասին, սարի մասին, բլուրի մասին, ճանապարհի մասին: Մենք խոսում ենք մարդկանց մասին: Իսկ միջազգային հանրությունը մարդկանց խնդիրներին է արձագանքում տվյալ պարագայում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մարուքյանը:
Անդրադառնալով տեղեկությանը, որ անգլիական ընկերությունը դիմել է դատարան՝ հանքերի հետ կապված, Էդմոն Մարուքյանը հարցադրում արեց.
«Լավ, դիմել է դատարան, բա ճանապարհն ինչու՞ եք փակել: Եթե դիմել եք դատարան, որ դատարանը բան որոշի, բա ճանապարհն ինչու՞ եք փակում:
Գազն ինչու՞ եք անջատել, երբ որ 30.000 երեխա ձմռան այս խստաշունչ պայմաններում վտանգվում է, 120.000 բնակիչ… դպրոցները փակվել են, Արցախում արդեն հացի հերթեր կան, հեղուկ գազի հերթեր կան»:
Անդրադառնալով հարցին, թե միջազգային կողմի արձագանքը բավարարու՞մ է հայկական կողմին, Էդմոն Մարուքյանը նշեց.
«Արձագանքներից տեսանք, որ դրանք ուղղված չեն կողմերին, այլ հստակ, թիրախային ուղղված են Ադրբեջանին: Կա հստակ պահանջ կա, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի եւ գազամատակարարումը պետք է վերականգնվի: Այսինքն, այդ իմաստով մենք աշխատանքի արդյունք ենք տեսնում: Հիմա ես չեմ ուզում ցանկալին որպես իրողության տեղ ներկայացնել, ես փաստերն եմ ուղղակի արձանագրում. գոյություն ունեն ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, երեք կարեւոր միջազգային հանրության ինստիտուտների հայտարարություններ, որոնք միանշանակ ուղղված են Ադրբեջանին, այլ ոչ թե Ադրբեջանին եւ Հայաստանին, կամ Ադրբեջանին եւ Արցախին:
Հիմա դա արդյու՞նք է, թե՞ արդյունք չէ: Ես կարծում եմ, որ դա արդյունք է: Նաեւ դրա արդյունքում է, որ ադրբեջանցիներն ասում են՝ բայց մենք չենք ճանապարհը փակել, գազը մենք չենք անջատել: Սակայն միջազգային հանրությունը գիտի չէ՞, որ Ադրբեջանում չկան բնապահպան ակտիվիստներ եւ դրանք հատուկ ծառայությունների, GONGO ՀԿ-ների (անգ. Government-Organized Non-Governmental —կառավարության կողմից վերահսկվող քաղաքացիական հասարակություն) ներկայացուցիչներ են: Այդ ամենը պարզ է, ու՞մ են ուզում խաբել: Այսինքն, իրենք իրենց աշխարհն ունեն, իսկ իրական աշխարհն ա՞յլ է:
Կարծում եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը եւ բոլոր հնարավոր մեթոդները՝ արտերկրում, այստեղ օգտագործել այս խնդիրների բարձրաձայնման եւ միջազգային հանրության ուշադրությունը եւ ճնշումը Ադրբեջանի վրա սեւեռելու համար»:
Բաժին: featured