2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։

17/12/2022
Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկեցինք Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն ընդունեց։
Սատորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը։
Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է.
• 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստանի՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանուն Հայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։
• Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության երաշխավորումը։
• Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։
• Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։
• Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները՝ շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։

Բաժին: featured