Մաքսային միությանն անդամակցումը միայն սկիզբն է. Էդմոն Մարուքյան

19/09/2013

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը միայն սկիզբն է, շարունակությունը լինելու է Եվրասիական միության ստեղծումը, որին Հայաստանը պատրաստվում է մասնակցել որպես հիմնադիր անդամ: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի` սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպած համաժողովին նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես Հայաստանի ապագան չեմ տեսնում այլ կերպ, քան ԵՄ հետ խորը ինտեգրված հարաբերություններ ունենալով. դա կլինի Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջոցով հարաբերություններն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու, թե հետագայում ԵՄ լիիրավ անդամ դառնալու միջոցով, ես Հայաստանի ապագան այդ ճանապարհով եմ տեսնում»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ տպավորություն ունի, թե հասարակական կազմակերպությունների դաշտն ու պլատֆորմն ինչ-որ կերպ կտրված են մեր քաղաքացիներից. դրանք առանձին իրենց աշխարհն ունեն, հավաքվում, քննարկումներ են անում, բայց քաղաքացու հոգսերից ըստ էության կտրված են:

Պատգամավորը ցավով նկատում է, որ ՀՀ քաղաքացիներն ամբողջապես չեն գիտակցում` ինչ է Մաքսային միությունը: «Եթե զուտ բնակչության կարծիքը հարցնենք, ես մտավախություն ունեմ, որ մեծամասնությունը կասի` կողմ ենք ՄՄ անդամագրվելուն»,- ասաց նա` նշելով, որ իրենք չեն կարողանում խոսել ՀՀ քաղաքացու հետ, նրան բացատրել` ինչ է պետք իրեն:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ http://www.panorama.am/

Բաժին: Հարցազրույցներ