Մրցակիցները`իշխանական թեկնածու Վիկտոր Դալլաքյանի մասին
Երեկ «Լոռի» մամուլի ակումբում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները հրավիրված էին հեռուստաբանավեճի: Պատգամավորության 5 թեկնածուներից ներկայացել էր 3-ը` «Ժառանգության» թեկնածու Գառնիկ Սահակյանը, ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանը և անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Թեկնածուների հետ երկրորդ հանդիպում-բանավեճն է, որին չեն մասնակցում Դաշնակցության և Հանրապետական կուսակցության թեկնածուները`Զոհրապ Թորոսյանն ու Վիկտոր Դալլաքյանը:
Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավի ընթացքը թեկնածուները գնահատեցին նորմալ`չնայած գրանցված առանձին խախտումներին: Արձանագրեցին, որ բնակչության շրջանում վախի, կաշկանդվածության, անտարբերության մթնոլորտ է տիրում: Բակային հանդիպումների ժամանակ բնակիչները գերադասում են պատշգամբներից հետևել թեկնածուների խոսքին: Այս տեսանկյունից Գառնիկ Սահակյանն առանձնացրեց մասնավորապես Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերը, որտեղ, նրա խոսքով, կոալիցիոն կուսակցությունները ընտրակաշառք են խոստացել 10 հազարական դրամով: Աշոտ Մանուկյանը նույնպես անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին, որ Հանրապետական կուսակցությունն իր շտաբերում անձնագրային տվյալներ է հավաքում խոստացված ընտրակաշառքի դիմաց: Նշեց, որ փաստերն արձանագրելուց հետո այդ հարցերը կտեղափոխվեն իրավական դաշտ: Որպես խախտում`Էդմոն Մարուքյանը մատնանշեց իր պաստառների պատռումը։ Հետաքրքիրն այն է, որ դրանք պոկվել են այն վայրերում, որոնք քաղաքապետի որոշմամբ հատկացված են այդ նպատակով, ուստի`ոստիկանություն ու ՏԻՄ-ն են պատասխանատվություն կրում դրանց համար: Բայց թեկնածուի ասելով`ոստիկանությունում բացատրություն տալուց հետո սկսել են պաստառներն ավելի շատ պատռել:
Գառնիկ Սահակյանի և Աշոտ Մանուկյանի նախընտրական ծրագրերի հիմքում նրանց սատարող կուսակցությունների ընդհանուր ծրագիրն ու գաղափարախոսությունն է: Էդմոն Մարուքյանը, լինելով ինքնառաջադրված թեկնածու, ներկայանում է անհատական ծրագրով: Հարց հնչեցվեց`ընտրվելու դեպքում ինչպես է վերջինս իր ծրագիրն իրագործելու ԱԺում` չունենալով սատարող որևէ քաղաքական ուժ:
ՀԱԿ ներկայացուցիչը միանշանակ պնդում էր, որ անհրաժեշտ է թիկունքում ունենալ այդ ուժը, որի աջակցությամբ միայն հնարավոր է կոնկրետ խնդիրներ առաջադրել և լուծել: «Հակառակ դեպքում, ունենք այդ պրակտիկան, ԱԺ-ում վերջին 10 տարիներին եղել են բարի ցանկություն ունեցող, անկախ պատգամավորներ, դրանցից մեկը եղել է Վիկտոր Դալլաքյանը: Միանգամից չի դարձել Վիկտոր Դալլաքյան: Սկզբում նա իրոք անկեղծ ցանկություններ ուներ և ուզում էր որ ինչ-որ ձևով պայքարի, ծառայի իր ժողովրդին, բայց իրականությունը շատ ավելի դաժան է: Իրականությունը աստիճանաբար նրան դրեց իր տեղը: Ի վերջո, տեսնելով որ այլ միջոց չկա, այլ հնարավորություն չունի այդ մարդը, մենակ պայքարելով ոչնչի չի հասնելու և չհասավ փաստացի, ընդգրկվեց այն կուսակցության շարքերը, որը որ սկզբից ևեթ պախարակում էր: Ոչ ոք, ոչ մի անկախ պատգամավոր ապահովագրված չէ այդ ճակատագրից մեր իրականության մեջ»,-ասաց Աշոտ Մանուկյանը: «Հետքի» հարցին`այսինքն`հանձին Վիկտոր Դալլաքյանի`Աշոտ Մանուկյանն արդարացնո±ւմ է ճամբարափոխ քաղաքական գործչի գործելաոճն ու դիրքորոշումը, ՀԱԿ ներկայացուցիչը սկզբում պատասխանեց. «Հարկ չեմ համարում անձամբ Վիկտոր Դալլաքյանի կենսագրությանը անդրադառնալ: Իր խնդիրն է: Չեմ ուզում նրան դատել: Եթե ընդգրկվեր թեկուզ «Ժառանգության» շարքերը, որևէ մի ընդդիմադիր կուսակցության շարքերը, այդ քայլը առանձնապես վատ չէր ընդունվի: Ընդգրկվեց այն կուսակցության շարքերը, որին 10 տարի շարունակ քակոծում էր: Իր նախորդ ընտրարշավի մեխը դարձրել էր այդ կուսակցության առաջնորդի քարկոծումը: Ներկայացնում էր, որ Սերժ Սարգսյանը կազինոներում մեր թոշակառուների, բյուջետային աշխատողների գումարներն է տանուլ տալիս: Հետո հանկարծ հայտնվեց այդ մարդու կողքին և այսօր մեծարում է նրան»:
Գառնիկ Սահակյանը ավելացրեց. «Դալլաքյանը ժողովրդի քվեն ստացել է որպես ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչ: Լավ կլիներ` գոնե մինչև այս խորհրդարանի վերջը մնար ընդդիմադիր դիրքերում: Հանել եմ, թե ինչպես է հեռուստաեթերից, ԱԺ-ից խոսում տվյալ հարցի մասին, դրանից հետո ինչպես է քվեարկում. խոսում է որպես ընդդմադիր, բայց քվեարկում է որպես իշխանական կոալիցիայի պատգամավոր»:
Պատասխանելով իրեն ուղղված հարցին`Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքական որևէ ուժի փոխարեն վայելում է քաղաքացիական հասարակության աջակցությունը: «Կուսակցության աջակցությունը դեռ ոչինչ չի նշանակում: ԱԺ-ում քաղաքական ուժերը 6, 15 պատգամավոր են ունենում: Ոչ 6 պատգամավորը, ոչ 15 պատգամավորը չի կարող որևէ օրենսդրական նախաձեռնություն անցկացնել ԱԺում: Բացի այդ, քաղաքական ուժի աջակցությունը չի նշանակում, որ այդ քաղաքական ուժը անպայման ներկայացված է լինելու ԱԺ-ում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Պարզաբանեց նաև, թե ինչու է մինչ օրս անկուսակցական. «Հայաստանի քաղաքական կուսակացական համակարգը դեռևս կայացած չէ: Չեմ տեսնում ներքին ժողովրդավարական ընթացակարգերը որոշումների կայացման մեջ: Կուսակցություններում որոշումները կայացվում են մեկի կամ մի քանիսի կողմից: Մյուսները չեն մասնակցում որոշումների կայացմանը»:
Աղբյուրը` http://hetq.am/arm/news/13541/
Բաժին: Մամուլ