Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչ է պահանջելու գլխավոր դատախազից
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ 4 տարվա մեջ երեք անգամ համաներում հայտարարել, ինչի՞ մասին է դա վկայում:
-Համաներման առաջարկի նախաձեռնողը ՀՀ նախագահն է, և ես չեմ կարող նախագահի կամ նրա ներկայացուցչի փոխարեն ասել: Ամեն դեպքում, նախագահի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն ասաց, որ առաջին տեղում մարդասիրության սկզբունքի վերահաստատումն է, և սա մեզ ՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի քաղաքացիների, չպետք է զարմանացնի: Ես համաձայն եմ այդ տեսակետին: Բացի այդ, համաներմամբ բազմաթիվ խնդիրներ են լուծվում. Հայաստանում քրեական արդարադատությունը հիվանդ է ու ունի բազմաթիվ խոցեր: Վերջին տարիների մի քանի համաներումներով փորձում ենք բուժել այդ խոցերը կամ ժամանակավոր լուծումներ տալ: Դրանք, սակայն, համակարգային լուծումներ չեն: Համաներումներից հետո նախկին դատապարտվածների կրկնահանցագործության տոկոսը Հայաստանում շատ ցածր է, և այդ առումով կարելի է ասել, որ համաներումը իր նպատակին ծառայել է:
-Պարոն Մարուքյան, հաշվի առնելով այն, որ այս համաներումը տարածվելու է նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ոստիկանության նախկին պաշտոնյաներ Մարգար Օհանյանի ու Հովհաննես Թամամյանի վրա, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, արդյոք քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:
– Չեմ կարծում, որ պետությունը մեկ կամ մի քանի հոգու համար համաներում անի, եթե անգամ ընդունենք, որ քաղաքական նկատառումներով դատապարտվածներ ունենք: Ավելին, ինձ հայտնի չեն միջազգային կազմակերպությունների կողմից ճնշումներ այդ հարցով, որպեսզի պետությունը ստիպված գնա այդ քայլին: Սա մարտի 1-2-ի ժամանակները չեն, որ համաներում արվի: Հիմա ի՞նչ. եթե նախկին պաշտոնյաներ են ազատ արձակվելու այս համաներումով, համաներում չանե՞նք: Ուրիշ հարյուրավոր մարդկանց նույնպես սա վերաբերելու է: Այն հոդվածներով, որով դատապարտվել են Ձեր նշած նախկին պաշտոնյաները, միայն իրենք չեն` հարյուրավոր մարդիկ են դատապարտվել, հետևաբար չի կարելի մեկի պատճառով մյուսին չհամաներել: Դա սխալ մոտեցում է:
-Այս քառօրյայի երկրորդ կարևոր հարցը Գլխավոր դատախազի նշանակումն էր: Դուք, փաստորեն, ևս կողմ էիք նոր գլխավոր դատախազի թեկնածությանը: Կարող ե՞ք ասել, թե Գևորգ Կոստանյանի որ արժանիքների համար եք նրան ընտրել:
-Ես եթե հայտարարում եմ, որ դեմ եմ քվեարկելու, ապա դեմ եմ քվեարկում: Իմ անցած ճանապարհն է դա ապացուցել, և դրա վառ օրինակն է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազի միջնորդության քվեարկությունը: Ես խնդիր չունեմ, և չեմ հայտարարում մի բան, բայց անում այլ բան: Իմ պարագայում հետևյալն է` ես ճանաչում եմ Գևորգ Կոստանյանին, որպես Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, ՄԻԵԴ ներկայացրած իմ գործերին նա պատասխաններ է ներկայացրել, և ինձ հայտնի են նրա իրավական գիտելիքները:
-Դուք զինվորական գործերով փաստաբան եք եղել, և բազմաթիվ են փորձագետների, փաստաբանների դժգոհությունները այդ գործերի նախաքննությունից: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերում:
-Ես չեմ ցանկանում զինդատախազի երկու տարվա գործունեության գնահատականը կապել գլխավոր դատախազի նշանակման հետ: Ինձ համար առաջին տեղում սերնդափոխությունն է, երկրորդում` Եվրոպական դատարանի նախադեպերով թրծված լինելը: Սրանք այն դրական հանգամանքներն էին, որոնք ըստ էության, ինձ համար առավել կարևոր դեր խաղացին: Բացի խմբակցություններից՝ Գևորգ Կոստանյանը հանդիպել է նաև ինձ հետ: Մեր հանդիպման ժամանակ խոսվել է հասարակական հնչեղություն ստացած բոլոր քրեական գործերի մասին՝ սկսած Արտակ Նազարյանի գործից, վերջացրած Գորիսի վերջին իրադարձություններով: Հերթով, հատ առ հատ ես բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները, դրանց տրվել են պատասխաններ:
-Դրանք Ձեզ բավարարե՞լ են:
-Դե հիմա չեմ կարող ասել, որ 100 տոկոսով բոլոր պատասխանները բավարարվել են: Ավելին ասեմ, իմ կարծիքով, Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերը ցանկացած նոր նշանակվող պաշտոնատար անձի համար պետք է ձևավորեն հասարակական ակնկալիքներ, սպասումներ, այսինքն՝ դնեն չափանիշներ, պահանջներ ու ասեն՝ գնա այս պահանջները բավարարի, եթե չբավարարեցիր, մենք քեզ գիշեր-ցերեկ քննադատելու ենք: Բայց մեզանում հակառակն է: Այդ ոճն ինձ համար անընդունելի է: Այսինքն, երբ նոր նշանակվող մարդուն մեղադրում ես աշխարհի բոլոր հանցագործությունների մեջ, քննադատում ես ամենածայրահեղ ձևով, հայտարարում ես որ դեմ ես քվեարկելու… Ելույթներ կային, որ ասում էին՝ դրական են վերաբերում Կոստանյանի թեկնածությանը, բայց մենք քեզ դեմ ենք քվեարկելու: Ո՞րն է ողջամիտ՝ այդ պահվածքը, թե այն պահվածքը, որը ձևավորում է ակնկալիքներ, սպասումներ և հետո դառնում է պահանջատեր: Ես դրա կողմնակիցն եմ. ես ձևավորել եմ ակնկալիքներ, ունեմ իմ պահանջները գլխավոր դատախազից ու դրա պահանջատերն եմ լինելու:
-Պարոն Մարուքյան, փաստաբանական համայնքում միանշանակ չընդունվեց Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրը. փաստաբանների մեծ մասը դժգոհ է այդ նշանակումից:
-Գործող փաստաբանների շրջանում երկու խումբ կա, երկուսում էլ ընկերներ ունեմ: Մի խմբում մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են, մյուս խմբում գտնում են, որ ըստ էության սերնդափոխություն է, և նոր փոփոխություններ կլինեն: Այնպես չէր, որ փաստաբանական ողջ համայնքը Գևորգ Կոստանյանի նշանակմանը դեմ էր: Ես հույս ունեմ, որ դրական փոփոխություններ կլինեն: Թեկնածուի կողմից նշված բոլոր երեք ուղղությունները ես բարձր եմ գնահատում՝ ապաքաղաքական գործունեություն, կոռուպցիայի դեմ պայքար և ոչ պրոֆեսիոնալիզմի բացառում: Այս երեք սկզբունքները, որը ներկայացրել է Կոստանյանի կողմից, իմ կողմից ընդունելի են և դրանց դեմ ոչինչ չունեմ:
-Քվեարկությունից հետո, երբ երկու ընդդիմադիր խմբակցություն հայտարարեցին, որ դեմ են քվերակելու, և արդյունքում գրանցվեց ընդամենը 3 «դեմ» ձայն, տեսակետ շրջանառվեց, թե ընդդիմությունը կորցրեց իր դեմքը: Համաձայն ե՞ք այդ տեսակետին:
-Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ եթե ընդդիմությունը կողմ է քվեարկել գլխավոր դատախազի թեկնածությանը, ապա նա կորցրել է իր դեմքը: Ընդդիմությունը կարող է իր դեմքը կորցնել այն ժամանակ, երբ հայտարարում է՝ դեմ է, բայց կողմ է քվեարկում: Այժմ արդեն արդյունքները ցույց են տալիս, որ բավական մեծ թվով մարդիկ մտածելու տեղ ունեն: Թող գնան մտածեն:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ քվեարկության արդյունքները կեղծված լինեն:
-Բացառում եմ: Հաշվիչ հանձնաժողովում կան և ընդդիմության, և ոչ իշխանական խմբակցությունների անդամներ, և ես չեմ կարող չվստահել նրանց, օրինակ՝ Արծվիկ Մինասյանին: Ինչ վերաբերում է գրանցված 3 «դեմ»-երին, ապա դրանք եղել են 5-ը, որից երկուսը անվավեր են ճանաչվել: Իսկ այն մարդիկ, ովքեր հասարակական սպասումների և իրենց հայտարարությունների լույսի ներքո պետք է դեմ քվեարկեին, այդպես չեն արել, կողմ են քվեարկել: Պետք է ուղղակի ազնվություն ունենալ ու ասել՝ ես կողմ եմ քվեասրկել այս-այս բանի համար, և ոչ թե ասել՝ դեմ եմ ու գնալ կողմ քվեարկել:
Աղբյուր՝ parliamentmonitoring.am
Բաժին: Հարցազրույցներ