Պետության գործառույթների համար ոչ ոք պարտավոր չէ վճարել. Էդմոն Մարուքյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ նիստում անդրադարձավ արդարադատության նախարարության նախաձեռնած՝ պետական գրանցամատյանի վարման նոր ընթացակարգին, որով մեկ տարի ժամկետով փաստաբանին հաշվառելու համար նախատեսվում է տարեկան 60.000 դրամի չափով տուրք: Մարուքյանը նշեց, որ ԱՆ կողմից ներկայացված նախագիծը քննադատության չի դիմանում, զուրկ է տրամաբանությունից:
«Սա արվում է այն դեպքում, երբ փաստաբանը չունի հարկային արտոնություն և վճարում է բոլոր այն հարկատեսակները, որ վճարում է ցանկացած անհատ ձեռնարկատեր: Գրանցամատյանի վարումն ու հաշվառումն այժմ անվճար և պատշաճ կարգով իրականացնում է Փաստաբանների պալատը, անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախարարությունը որոշում այդ գործառույթն իրեն վերապահել և ինչո՞ւ հենց 60.000-ի չափով»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ ոչ ոք պարտավոր չէ պետության գործառույթը կատարելու համար հարկ վճարել. դա ընդունելի չէ, չի կարելի այդ գործառույթի համար հավելյալ գումարներ վճարելու քաղաքականությունը բարդել փաստաբանների վրա:
Պատգամավորն առաջարկեց նախագիծը հանել շրջանառությունից և չուղարկել Ազգային ժողով:
Նշենք, որ արդարադատության նախարարության հեղինակած՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի պատճառով հակասություն է առաջացել նախարարության և Փաստաբանների պալատի միջև:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Մամուլ